Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից։ Սա օգոստոսի 18-ի առավոտյան լուր է։ Իսկ երեկ Երեւանում 21-ամյա աղջիկն ինքնասպան է եղել։ Նույն օրը անհայտ անձը գրել է, թե ինքը «Խոտաբիչն» է ու կկտրի պաշտոնյաների կոկորդը, կպայթեցնի մետրոն։ 6 օր առաջ էլ երեք հոգի խեղդամահ են արել 47-ամյա մի կնոջ։ Սուրմալուի պայթյունի մասին բոլորը գիտեն։
Ես անդրադարձա միայն վերջին մեկ շաբաթվա դեպքերին։ Ի դեպ, վերջին 18 օրում՝ եւս 5 զոհ բանակում ոչ մարտական պայմաններում։
Արցախյան պարտությունից հետո դիմադրողականության այսպիսի անկումը պետք էր կանխատեսել։ Ի՞նչն այնպես չի արվել պարտությունից հետո՝ բացի նրանից, որ պարտությունից առաջ ոչինչ այնպես չարվեց։
Մի կողմ թողնենք քաղաքական քայլերը, որոնք Հայաստանը ավելի ու ավելի թույլ երկիր դարձրին տարածաշրջանում։ Անդրադառնանք միայն ներքին նշանակության քայլերին։
Ամենակարեւորն այն է, որ պարտությունից հետո Հայաստանում կյանքի որակը չլավացավ։ Ոչ միայն չլավացավ, այլեւ անհամեմատ լավացավ իշխանության կյանքի որակը։
Սովորական մարդիկ նայում են շուրջբոլորն ու փորձում գտնել հենման կետ։ Այդ հենման կետը չկա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախկինում դա իշխանություն փոխելու անկարողությունն էր, այսինքն՝ Հայաստանում ուզուրպացված էր իշխանություն փոխելու եւ ըստ այդ կյանքը լավացնելու կամքը։ Հիմա նման խնդիր չկա։ Ու սա միայն մեծացրել է ողբերգությունը։
Թվում է, թե 21-ամյա ուսանողուհի աղջկան, որը երեկ ինքնասպան է եղել, ինչքանով դա կարող է վերաբերել։ Բայց այդ աղջիկը կղզի չէ։ Ինքը հոգեկան համընդհանուր անառողջության մասնիկ է։ Այո՛, նախկինում էլ են ինքնասպան եղել, բայց ո՞վ ասաց, որ ինչ-որ բան է փոխվել, եթե ավելի չի վատացել։ Չէ՞ որ հիմա մեռնում են՝ իմանալով, թե ինչ է հույսը։ Մարդիկ 2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես 2018-ից առաջ։ Հիմա ամեն մարդ մեռնում կամ սպանում է «կրկնակի»։ Կարճ ասած՝ մենք հոգեկան խոր եւ համապարփակ անառողջության մեջ ենք։
Հոգեկան անառողջության այս կրակին այսօր մի բոլ յուղ լցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց. «…դեռեւս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին»։ Հավաքեցի՞ն։ Հետո՞։ Մնում էր հայտարարեր, թե եթե չհավաքեին, կպայթեին բոլոր օբյեկտները։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: