Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
ՀՀ Կառավարության 2011 թվականի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին Կառավարության նիստում վարչապետի տված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով:
Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արեւելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մշակած նախագծի ընդունմամբ նոր անցման կետերի շինարարական եւ կահավորման աշխատանքների կատարելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կառաջանա:
110 սահմանային-մարտական հենակետ ՀՀ-ի հետ սահմանին
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Աբաս Խալիլովը հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային-մարտական հենակետ։
Նա նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանա-իրանական սահմանին վերականգնվել է 14 սահմանապահ ուղեկալների գործունեությունը։
Խալիլովը նաեւ ասել է, որ «Ղազախի շրջանի 7 էքսլավային գյուղերին առնչվող իրավիճակը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման առարկա է»։