Եվրահանձնաժողովի նախագահ Անիտա Հիպերը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման հարցը կքննարկվի օգոստոսի 30-31-ը Պրահայում տեղի ունենալիք Եվրամիության ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Անիտա Հիպերը նշել է, որ Եվրահանձնաժողովը հանդես է գալիս համակարգված գործողությունների օգտին։
Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ քննարկման էր դրել պատժամիջոցային հերթական փաթեթի շրջանակում ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրումն արգելող ԵՄ–ի որոշման նախագիծը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան երկրներից պահանջում է արգելել բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք։ The Washington Post-ին տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ամենակարեւոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը։
Զելենսկին պնդել է, որ ռուսները պետք է ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել սեփական փիլիսոփայությունը։
Իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսաստանցիները պետք է հասկանան, որ Եվրամիություն մուտք գործելը ոչ թե մարդու իրավունքների եւ ազատ տեղաշարժի հարց է, այլ արտոնություն է նրանց համար, ում Միությունում պատրաստ են ընդունելու որպես հյուրի կամ գործընկերոջ:
Մոսկվայում ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրումն արգելելու առաջարկը շովինիզմի դրսեւորում են համարում։ Կրեմլում հայտարարել են, որ եվրոպացի քաղաքական գործիչների նման հայտարարություններն անհետեւանք չեն մնա։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Էստոնիայի վարչապետի հայտարարությունը «նացիստական» է անվանել, իսկ Զելենսկու խոսքերը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գաղափարների հետ։
Շենգենյան վիզա ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը Էստոնիա դադարեցվել է
Էստոնիայի իշխանություններն օգոստոսի 18-ից դադարեցրել են շենգենյան վիզա ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Արգելքը չի գործի Էստոնիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների, միջազգային փոխադրումներով զբաղվող կամ ԵՄ օրենքներով ազատ տեղաշարժվելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաեւ Էստոնիայի քաղաքացիների մերձավոր ազգականների եւ երկրում մշտական կացության կարգավիճակ ունեցողների նկատմամբ: