Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը Եվրոպային մեղադրել է Ադրբեջանի հետ գազային գործարք կնքելով ԵՄ նպատակների եւ մարդու իրավունքների չափանիշները ոտնահարելու համար:
«Ձգտելով փոխարինելու ռուսական գազը՝ Եվրամիությունը եւս մեկ գազային գործարք է կնքել ավտորիտար կառավարության, այս անգամ՝ Ադրբեջանի հետ՝ «հակառակ կլիմայի ոլորտում Դաշինքի նպատակներին եւ մարդու իրավունքների ոլորտում չափանիշներին»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ռոթը։
Ֆրանսիական Le Monde պարբերականը հուլիսի վերջին հրապարակել է 50 ընտրված պաշտոնյաների հոդվածը, որն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը՝ ԵՄ-ի համար ադրբեջանականով փոխարինել ռուսական գազը:
Ըստ պարբերականի՝ մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու կոչված նոր համաձայնագրի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը սարսափեցնում է բոլոր նրանց, ովքեր գիտեն՝ ինչպես է բռնապետությունն Ադրբեջանում օգտագործում գազի վաճառքից ստացված եկամուտները:
«Ուստի Եվրահանձնաժողովին կոչ ենք անում հրաժարվելու Ադրբեջանի հետ այս նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանին՝ ոչ մի դեպքում չվավերացնել այնպիսի համաձայնագիր, որը ռուսական գազից կախվածությունը կփոխարինի ադրբեջանական գազից կախվածությամբ»,-ընդգծել են հոդվածի հեղինակները: