ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի պահին ենթադրաբար գտնված քաղաքացու որոնումները դեռեւս արդյունք չեն տվել։
«Առավոտից այդ վայրում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, որոնք մասնագիտացած են նման դեպքերում արձագանքելու, նաեւ մասնագիտական որոշ հմտություններ ունեն։ Աշխատանքները կշարունակվեն մինչեւ քաղաքացուն գտնելը»,– շեշտել է խոսնակը։
Կոստանյանը հայտնել է նաեւ, որ գիշերը որոնողական աշխատանքները դադարեցվելու են առավոտյան վերսկսելու պայմանով։
Պատճառը գիշերը որոնողական աշխատանքներ կատարելու վտանգավորությունն է կիսավեր շենքի փլուզման վտանգի պատճառով։