ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ 2022-ի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 27 կեղծ ահազանգ է ստացել, որոնց գերակշիռ մասը ստացվել է Երեւանի քաղաքապետարանի, վերջին երկուսը` ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին։
Ըստ նրա՝ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարում։ Խոսնակը նշել է, որ մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի առանձնատան, ինչպես նաեւ Գյումրիում տեղակայված ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգ տարածածներին ոստիկանությունը հայտնաբերել է։
Կոստանյանը նշել է, որ ի տարբերություն ՀՀ տարածքից տարածված նման ահազանգերի, որոնք մեր իրավապահներն ի վիճակի են լինում բացահայտելու, էլեկտրոնային տարբերակով ստացված նամակները, որոնք ենթադրաբար հղվում են այլ երկրներից, որոշակի դժվարություններ են ստեղծում։