Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Արեւիկ Պետրոսյանն ամուսնու եւ մանկահասակ որդու հետ տեղափոխվեց Երեւան։ Նրանց կյանքը հիմնովին փոխվեց, մեծ դժվարությունների միջով անցան, բայց, ինչպես ինքն է ասում, հարկավոր էր ուժ գտնել, մաքառել, ապրել ու առաջ նայել։
Արցախի պետական համալսարանի քիմիայի եւ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության բաժնում սովորած, մայրիկից դերձակության գաղտնիքները յուրացրած Արեւիկը Երեւանում փոքրիկ բիզնես հիմնեց։ Բիզնեսն ընտանեկան է․ կազմակերպչական, առաքման հարցերում օգնում է ամուսինը, իսկ հինգամյա որդին հաճախ մասնակցում է ապրանքների փաթեթավորմանը։
«Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղից եմ (44-օրյա պատերազմից հետո գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ), բայց վերջին տասը տարիներին Ստեփանակերտում էի ապրում։ Թեեւ ամեն շաբաթ՝ ոչ աշխատանքային օրերին, ընտանիքով գնում էինք հարազատ Նոր Սեյսուլան։ Երբ պատերազմը սկսվեց, մեր կյանքը գլխիվայր շրջվեց։ Չորս կողմում ավերածություն էր, սարսափ․․․ Ստիպված եղանք մեր տնից, մեր Արցախից հեռանալ սեպտեմբերի 27-ին։ Երեւան հասանք հոկտեմբերի 1-ին։ Ցավոք, հիմա Արցախի ապագան անորոշ է ու վտանգված։ Երանի Արցախում ապրելն անվտանգ լիներ, ու վերադառնայինք»,- ասում է Արեւիկը։
Նա Արցախում բուհն ավարտելուց հետո անցել է աշխատանքի, հետո ամուսնացել։ Երբ արդեն ֆիզարձակուրդում էր, որոշել է այնպիսի աշխատանք գտնել, որ կարողանա համատեղել երեխայի խնամքի հետ։ Արեւիկն ուզում էր այնպիսի գործ սկսել, որը սիրով կաներ։ Որոշեց կարի մեքենա գնել ու կարուձեւով զբաղվել։ Եթե անգամ ոչինչ չստացվեր, կարի մեքենան տան համար անհրաժեշտություն էր։
«Կարի մեքենա գնելու համար սկսեցի փող խնայել․ մի անգամ շրթներկիս համար նախատեսված գումարն էի մի կողմ դնում, մյուս անգամ՝ վերարկուի, զգեստի․․․ 2018 թվականի հուլիսին գնեցի իմ առաջին կարի մեքենան։ Հետո սկսեցի կարել սովորել։ Մայրս էր օգնում։ Մորս պապը հայտնի դերձակ է եղել, մայրս նրանից շատ հմտություններ էր սովորել, ինձ էլ սովորեցրեց։ Որոշ բաներ ինքնուրույն էի փորձում անել։ Երբ արդեն քիչ թե շատ վարպետացա, մայրիկիս համար շրջազգեստ կարեցի։ Մայրս իմ առաջին քննադատն ու խորհրդատուն էր։ Երբ նա հագավ իմ կարած զգեստը, հասկացա, որ կարողացել եմ գոհացնել նրան։ Հետո սկսեցի բալիկիս համար գլխարկ, հագուստ կարել։ Կարճ ժամանակ անց առաջին պատվերը ստացա եւ շատ ուրախացա․ պետք է մանկական գլխարկ ու շարֆ կարեի: Պատվերները գնալով շատացան։ Հետո իմ կարած հագուստներն ու պարագաները տեղադրեցի համացանցում։ Աստիճանաբար այնպես ստացվեց, որ արդեն պատվերների պակաս չունեի։ 2019 թվականին գնեցի երկրորդ կարի մեքենաս։ Բայց 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Մեր կյանքի հունը փոխվեց, երազանքներս փշրվեցին․․․»,- հիշում է Արեւիկը։
Պատերազմը Արեւիկից խլեց ոչ միայն հարազատ Նոր Սեյսուլանը, սիրելի Արցախի ավելի քան 70 տոկոսը, այլեւ ավագ եղբորը։
«Այժմ ծնողներս, փոքր եղբայրս, նրա կինն ապրում են Արցախում։ Ես ու ամուսինս Երեւանում ապրելու մտադրություն չենք ունեցել, պարզապես այնպես ստացվեց, որ ամուսինս այստեղ աշխատանքի անցավ, ես էլ սկսեցի աշխատել, պատվերներ ստացա։ Պատվերներիս մի մասն էլ Ստեփանակերտից է․ կարում եմ եւ ուղարկում։ Կարճ ասած՝ Արցախում ինչ ունեի, կորցրի, ոչինչ չմնաց․․․ Երեւանում ես եւ ամուսինս փորձեցինք ոտքի կանգնել եւ կարողացանք»,- ասում է Արեւիկը։
Իր մասին պատմելիս նա անընդհատ հիշում է Արցախի, հարազատ գյուղի ու Ստեփանակերտի մասին։ Ասում է՝ իր երազանքներն Արցախի հետ էին կապված։ Գիշեր-ցերեկ աշխատել էր, գումար խնայել, որոշել էր Ստեփանակերտում արհեստանոց-խանութ բացել, բայց պատերազմից ու Երեւան տեղափոխվելուց հետո խնայված գումարը ծախսվեց Երեւանում տուն վարձելու, գոյատեւելու համար։ Տեղահանության, հարազատ տունը ստիպված լքելու ճակատագիրը շատերին բաժին հասավ այդ օրերին։
«Այժմ միայն Երեւանում ապրում է 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված 5504 քաղաքացի՝ 1518 ընտանիք, իսկ ընդհանրապես ՀՀ-ում՝ 20372 տեղահանված արցախցի։ Օպերատիվ շտաբի տեղեկություններով 890 մարդ՝ 253 ընտանիք արտերկիր է տեղափոխվել»,- պատասխանելով մեր գրավոր հարցմանը՝ նշում է Հայաստանում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
«Հիմա Երեւանում վարձով ենք ապրում։ Կարի երկու մեքենաները Երեւան տեղափոխեցինք։ Այստեղ որոշ ժամանակ անց մեքենայացված ասեղնագործության կարի մեքենա ձեռք բերեցի։
Վերջերս բացել եմ փոքրիկ խանութ-արհեստանոց։ Իհարկե, դա կարի արտադրամաս չէ, միայն ես եմ աշխատում այնտեղ, բայց ուրախ եմ, որ կարողացել եմ հասնել դրան։ Պատվերները բավական շատ են։ Հիմնականում մկրտության պարագաներ եմ պատրաստում, պատվերով հագուստ եմ կարում։ Բիզնեսս փոքրիկ է, բայց հեռանկարային, մտադիր եմ ընդլայնել․ դեռ շատ գործ ունեմ անելու»,- ասում է Արեւիկը:
Բիզնեսը սկսելիս կամ զարգացնելիս նա որեւէ կառույցից կամ անհատից դրամական աջակցություն չի ստացել, հաջողության է հասել իր ջանքերով։
«Պատերազմից հետո ապրելու համար ես պետք է ամեն ինչ նորից սկսեի․ ուժ գտա իմ մեջ ու կարողացա դա անել։ Այն, ինչ երազում էի իրագործել Արցախում, արեցի Երեւանում։ Հիմա երազում եմ Արցախում նույնպես ունենալ իմ խանութը։ Իմ սիրտն Արցախում է»,- եզրափակում է Արեւիկը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։