Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 19-ի առավոտյան որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Երկու օր է՝ մութն ընկնելուն պես աշխատանքները դադարեցվում են։
Փոխնախարարը հայտնել է, որ շենքի փլուզման մեծ վտանգ կա, փրկարարների համար դժվար է մութ պայմաններում աշխատելը։ Նա հավելել է, որ անհայտ կորած համարվող քաղաքացուն փնտրում են կա՛մ եռահարկ այրված շինության առաջին հարկի ձախակողմյան հատվածում, կա՛մ շենքի անմիջական հարեւանությամբ, որտեղ կուտակված մեծաքանակ փլատակներ կան։
Փոխնախարարը նշել է, որ եթե անհայտ կորած համարվող քաղաքացին պայթյունի պահին եղել է ոչ թե դրսում, այլ տարածքում, որտեղ հարվածային ալիքը շատ ուժեղ է եղել, ջերմաստիճանն էլ՝ բարձր, ուստի քաղաքացուն հայտնաբերելը շատ դժվար է լինելու։
Պաշտոնական տվյալներով`«Սուրմալուի» պայթյունի հետեւանքով անհայտ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959-ին ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը եւ 1967-ին ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։ Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից մեկի դին մինչեւ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհայտ կորածներից մեկը։
«Նմուշառումն արվել է երեկ չէ առաջին օրը, 5 օրվա ընթացքում պետք է նույնականացվի, երեկվա դրությամբ նույնականացման վերաբերյալ տեղեկություն չունենք, բայց շատ մեծ է հավանականությունը, որ 16-րդ քաղաքացին, որը դեռեւս չի նույնականացվել, հենց նույն քաղաքացին է»,- նշել է Գրիգորյանը։
Նախօրեին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդու եւ հարազատների հետ, որոնց ներկայացրել է որոնողական աշխատանքներ իրականացնելու մարտավարական քայլերը։ Նախարարը տոկունություն, ուժ եւ կորով է մաղթել վերջիններիս։