Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար` նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները եւ վայրագությունները Արցախում եւ նրա սահմաններից դուրս հայ ժողովրդի եւ մշակութային ժառանգության նկատմամբ։
Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված-հանված հայկական գանգը կապում է զինվորական բեռնատարի հետեւի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:
Այս նոր ակնհայտ վայրագության հետեւանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:
Ըստ կազմակերության՝ ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ` հաշվի առնելով հրադադարի ռեժիմի ադրբեջանական խախտումները, որոնք փաստագրված են:
«Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն եւ նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը եւ ցեղասպան գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցում եւ առաջ է մղում Թուրքիան»,- ասված է հայտարարության մեջ։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միջազգային եւ պետական բոլոր մարմիններին կոչ է անում վերահսկելու Թուրքիային եւ Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության եւ գործելակերպի համար։ Միջազգային կազմակերպությունը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու եւ հայերի ու հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի համայնքներում ամրապնդելու համար։