Ըստ հյուսիսկորեական Yonhap գործակալության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի ընդունի Հարավային Կորեայի «հանդուգն ծրագիրը», ըստ որի, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը եւ ձեռնամուխ լինի միջուկազերծման գործընթացին, Սեուլը փուլ առ փուլ զգալիորեն կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը եւ կբարձրացնի նրա ժողովրդի կենսամակարդակը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի առաջարկած ծրագրի համաձայն՝ Սեուլը պատրաստ է ԿԺԴՀ-ում իրականացնելու պարենի լայնածավալ ծրագիր, աջակցություն տրամադրելու էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման եւ բաշխման ենթակառուցվածքների ստեղծմանը եւ մասնակցելու նավահանգիստների եւ օդանավակայանների արդիականացման նախագծերին:
Յուն Սոկ Յոլը պատրաստակամություն էր հայտնել նաեւ բարելավելու Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսության արտադրողականությունը, արդիականացնելու հիվանդանոցները եւ այլ բժշկական ենթակառուցվածքները եւ հետամուտ լինելու միջազգային ներդրումների ու ֆինանսական աջակցության նախաձեռնություններին:
Ըստ «Ռյոնհափ» գործակալության՝ Սեուլի առաջարկն ընկալվել էր որպես «Փհենյանին մեկնած եւս մեկ ձիթենու ճյուղ»:
Փհենյանին, սակայն, զայրացրել են Սեուլի գաղափարները: «Ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,- ասել է Կիմ Յո Չժոնը՝ ծրագիրը համարելով «խելագարության գագաթնակետ»: