Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020-2021 թվականների ընթացքում Հայաստան են ներկրվել 46 միլիոն 235 հազար 530 հատ հրատեխնիկական պատրաստի արտադրանք, հրավառելիք, ազդանշանային, անձրեւային ու հակամառախուղային հրթիռներ, 1170 տոննա պատրաստի պայթուցիկ նյութեր, 7057 տոննա վառոդ։
Բացի դրանից՝ վերջին երկու տարում Հայաստան են ներկրվել նաեւ 812 հազար 700 հատ եւ 6125 կմ երկարությամբ ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ պատրույգներ։
2020-ին Հայաստան ներկրած պայթուցիկ նյութերի ծավալը էականորեն գերազանցում է 2021-ի նույն ցուցանիշը։ Օրինակ` եթե 2020-ին Հայաստան է բերվել 39 միլիոն 37 հազար 600 հատ տարբեր տեսակի հրատեխնիկա, ապա 2021-ին` 7 միլիոն 197 հազար 900։
Այս կտրուկ տարբերությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ 2020-ին Հայաստան ներկրված հրավառության նյութերն այդ տարում գրեթե չեն օգտագործվել. նախ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների, ապա 44-օրյա պատերազմի հետեւանքով, եւ 2021-ին դրանց ներկրման անհրաժեշտությունը կտրուկ նվազել է։ 2022-ի մաքսային վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն։
Ամենախոշոր մատակարարը Չինաստանն է
Պաշտոնական թվերով` հրատեխնիկական իրերի, տարբեր տեսակի ազդանշանային, հրթիռների ամենախոշոր մատակարարը Չինաստանն է։ Վերջին երկու տարում մեր երկիր ներկրված 46 միլիոն 235 հազար 530 հատ այս ապրանքատեսակներից 46 միլիոն 205 հազար 700–ը ներկրվել է Չինաստանից, 29 հազար 800 հատը` Իրանից, 30-ը` Ռուսաստանից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Ռուսաստանից Հայաստան 2020-ին ներկրվել են 584,3 տոննա, 2021–ին` 585,9 տոննա պատրաստի պայթուցիկ նյութեր։ 2021-ին վառոդի միակ մատակարարը եղել է Ռուսաստանը` 6,7 տոննա, իսկ 2020-ին` Իսպանիան (250 կգ) եւ Իտալիան (100 կգ)։
Տարբեր նպատակներով կիրառվող քուղերի` պատրույգների (ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ) ներկրման աշխարհագրությունը ամենաբազմազանն է։ 2020–ին դրանք ներկրվել են Իտալիայից, Լեհաստանից, Հնդկաստանից ու Ռուսաստանից, 2021-ին` Չեխիայից ու Ռուսաստանից։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն օգոստոսի 17-ին հայտնել էր, որ նախքան պայթյունը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, նախնական գնահատականներով, 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել: Համապատասխանո՞ւմ է առեւտրի կենտրոնում կուտակված հրատեխնիկական պատրաստի արտադրանքի նշված քանակը թույլատրված նորմերին, նախարարը դժվարացել էր պատասխանել, միայն նշել էր, որ այդ հարցի պատասխանը կտան իրավասու մարմինները։