Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել Մեծամորի Հայկական ատոմակայանի հնարավոր վթարի` քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային արտահոսքի սցենարով։
Ուսումնական վարժանքներին մասնակցել են Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունը եւ այլ պետական կառույցներ։ Ուսումնավարժանքների սցենարով՝ Մեծամորի ատոմակայանի մոտ իբր տեղի է ունեցել 7-բալանոց երկրաշարժ, որի հետեւանքով արտահոսք է եղել։
Ըստ սցենարի` աղետի հետեւանքով տուժել են Թուրքիայի սահմանային Ասլահանե, Քալաքքալե եւ Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչներ:
Ավելի վաղ «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ այն լուրջ սպառնալիք է առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի, ապա նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Միջին Ասիայի երկրների համար:
Դենիզը պնդել էր, թե ոլորտում գործող մի շարք մասնագետներ եւ միջազգային կառույցներ Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչել են աշխարհի ամենավտանգավոր եւ անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Ըստ թուրք պաշտոնյայի՝ կառուցումից ի վեր հայկական ատոմակայանը ենթարկվել է բազմաթիվ վթարների, եւ օրինակ է բերել 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը:
Նա նշել է, որ այդ հարցում Ադրբեջանն ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի ճնշում գործադրեն Հայաստանի վրա: