Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «Առաջինի լրատվական ալիքը» վերադառնում է հանրային մուլտիպլեքս: Հեռուստադիտողները կրկին կարող են հետեւել «Առաջինի լրատվական ալիքին» սովորական թվային ընդունիչով:
Ավելի վաղ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ծանուցում էր ուղարկել առ այն, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021 թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:
Արդյունքում «Առաջինի լրատվական ալիքի» հեռարձակումը դադարեցվել էր: «Առաջին ալիքը» հայտնել էր, որ կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:
Նախօրեին հանրային մուլտիպլեքսում հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ նախագահին ՀՀ վարչական դատարանի դատական ակտերով հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը դադարեցնելու խնդրի կարգավորման նպատակով:
Հեռուստաընկերությունները մեդիադաշտի լիազոր մարմնից հայցել էին ստանալ պաշտոնական մեկնաբանություն գործող օրենսդրության շրջանակում եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համատեքստում՝ առաջարկելով մինչեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից նոր մրցույթների ամփոփումը շարունակել «Առաջինի լրատվական ալիք»-ի, ինչպես նաեւ եւս հինգ հեռուստաընկերությունների ծրագրերի հեռարձակումը: