Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Լվովում հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է Թուրքիայի մասնակցությունն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:
Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը եւ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը: Վերջինս թուրք գործընկերներին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ավերած ենթակառուցվածքների վերականգնման գործում համագործակցելու պատրաստակամության համար։
Որպես առաջին նախագիծ դիտարկվում է Կիեւի մարզի Ռոմանովկայի կամրջի վերականգնումը, որը Բուչա եւ Իրպեն քաղաքները կապում է մայրաքաղաքին:
Ըստ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի՝ մոտ ժամանակներս կստեղծվի վերականգնման հարցերով ուկրաինա-թուրքական համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակում կմշակվեն թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմները: