«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Անտոնիու Գուտերեշը խորապես վշտացած է օգոստոսի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների եւ վիրավորների համար եւ իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։
«Միավորված ազգերի կազմակերպությունը սգո այս օրերին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»,- ընդգծել է գլխավոր քարտուղարի փոխխոսնակը:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ավելի վաղ ցավակցական ուղերձ էին հղել Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։
Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ալբանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունները, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Զոհվածներից մեկի ինքնությունը դեռեւս չի պարզվել
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 17-ի՝ 19:30-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը (տարիքը չի պարզվել)։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած են համարվում Գագիկ Կարապետյանը եւ Վանիկ Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից մեկի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհայտ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։