Պիգմալիոնի էֆեկտը սոցիալական, հոգեբանական ֆենոմեն է, համաձայն որի՝ մեր ունեցած սպասելիքները շրջապատից ձեւավորում են հնարավոր ապագա արդյունքները․ մեր ունեցած բարձր ակնկալիքներն ավելի հավանական են դարձնում բարձր արդյունքները եւ հակառակը։ Այս ֆենոմենն առաջինը ձեւակերպել է Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ռոզենթալը եւ կոչել այն «Պիգմալիոնի էֆեկտ»։
Ո՞վ էր Պիգմալիոնը
Ըստ հունական դիցաբանության՝ Պիգմալիոնը կիպրացի քանդակագործ էր, որ փղոսկրից քանդակել էր կնոջ արձան եւ սիրահարվել իր իսկ ստեղծած արձանին։ Նա արձանի հետ վարվում էր այնպես, ասես այն կենդանի մեկը լիներ։ Նրա համար գնում էր թանկարժեք հագուստներ, անում այլեւայլ նվերներ։ Ամբողջությամբ հմայված եւ տարված լինելով իր ստեղծագործությամբ՝ Պիգմալիոնը խնդրում է Աֆրոդիտեին, որ նա իրեն նվիրի այդ արձանի նմանությամբ մի կին։ Ըստ ավանդության՝ Աֆրոդիտեն կենդանացնում է արձանը։ Նրանք ամուսնանում են եւ ունենում ժառանգներ։ Կնոջ անունը Գալատեյա էր։
Այս պատմությունն այն մասին է, որ եթե մենք անգամ արձանի հետ հարաբերվենք, ինչպես կենդանի մեկի, աստվածները նրան կկենդանացնեն։ Եթե մենք թվացյալ ոչ ունակ մեկի հետ վարվում ենք այնպես, կարծես թե տեսնում ենք նրանում դեռեւս թաքուն տաղանդները, դրանք անպայման բացահայտվելու եւ դրսեւորվելու են։ Ու սա ոչ թե անհիմն մի տեսություն է, այլ ապացուցված է բազմաթիվ գիտափորձերի միջոցով։
Ռոզենթալի փորձերը
Դեռեւս 1963 թվականին Ռոզենթալն իր գործընկերների հետ Բերկլիի համալսարանում աբցկացրել է մի քանի գիտափորձեր ուսանողների երկու խմբերի հետ, որոնք առնետներ էին վարժեցնում: Առաջին խմբի ուսանողներին ասել էին, որ իրենց առնետներն առանձնահատուկ եւ ավելի խելացի են, իսկ երկրորդ խմբին՝ որ իրենց առնետները բութ են եւ դժվարությամբ են վարժեցվում: Իրականում առնետներն ընտրված էին պատահականորեն: Որքան էլ տարօրինակ է, «խելացի» առնետները գործնականում ավելի շուտ եւ հեշտությամբ վարժվեցին եւ գերազանցեցին «հիմարներին»: Սա նշանակում է, որ ուսանողների սպասելիքները եւ դրանց հետեւանքով նրանց գործողություններն ազդեցին արդյունքների վրա։
Նրանք նման փորձեր արեցին նաեւ դպրոցներում՝ մի քանի տարբեր դասարաններում: Երեխաների հետ զրույցներից հետո ուսուցիչներին «թաքուն» ասում էին, որ որոշ աշակերտներ առանձնահատուկ օժտված են․ այդ օժտվածությունը դեռ չի արտահայտվում, բայց այն անպայման կբացահայտվի: Ինչպես եւ առնետների դեպքում, «օժտված» երեխաներն ընտրված էին պատահականորեն: Մեկ տարի անց, երբ նորից այցելեցին այդ դպրոցները, պարզվեց, որ «օժտված» երեխաների գնահատականները նկատելի բարձրացել են, նրանք ավելի լավ արդյունքներ են ցույց տվել:
Ինչո՞վ է բացատրվում ֆենոմենը
Այս ֆենոմենը մասնագետները բացատրում են նրանով, որ երբ մենք ինչ-որ մարդկանցից սպասում ենք որոշակի վարքագիծ, մեր տրամադրվածությամբ ձեւավորում ենք սպասելիքի իրականացմանը նպաստող մթնոլորտ։ Գիտակցված կամ ոչ, անում ենք գործողություններ, որոնք աջակցում են մեր սպասելիքների իրականացմանը՝ դարձնելով այն ավելի հավանական։
Այսպես, եթե որեւէ ուսուցիչ իր աշակերտների մասին մտածում է, որ նրանք տհաս ու տգետ են, իր այդ մտածողությամբ նրանց մղում է հենց այդ դիրքերը: Եվ հակառակը, եթե ուսուցիչը տեսնում է իր աշակերտների թաքուն, դեռ չդրսեւորված ունակությունները, նա սկսում է վարվել ըստ այդմ եւ ձեւավորում միջավայր, որտեղ լավագույնս աճում, զարգանում են իր սաների տաղանդները:
Նույնը կարելի է ասել ցանկացած սոցիալական կառույցի մասին: Եթե բիզնեսի տնօրենն իր աշխատակիցների մասին մտածում է, որ նրանք ծույլ են եւ ընդունակ չեն մեծ գործերի, դրանով իսկ նրանց դրդում է լինելու այդպիսին, եթե անգամ ոչ մի բառով չի արտահայտում իր այդ կարծիքը: Եթե որեւէ կուսակցության ղեկավար մտածում է, որ իր կուսակիցները չեն կարող հասկանալ իր «հանճարեղ» մտքերը, եւ նրանց պետք է ոչ թե բացատրել, այլ տարբեր մեթոդներով պարտադրել կամ շահագրգռել, որ անեն իր ուզածը, դրանով նա զրկվում է համախոհներից ու գործընկերներից, ձեռք բերում հաճոյախոսներ եւ հպատակներ:
Հավատքի կարեւորությունը
Այս ամենում կա մի էական նրբություն։ Առնետների հետ փորձեր անող ուսանողները հավատում էին, որ առնետների մի մասն իրոք ավելի օժտված են։ Նույն կերպ հավատում էին ուսուցիչները, որ նշված երեխաներն ավելի տաղանդավոր են, ուղղակի նրանց տաղանդները դեռ չեն դրսեւորվել։ Պիգմալիոնը նույնպես ամբողջությամբ ներծծված էր հավատքով․ նա իր պատրաստած արձանը հենց այնպես էր տեսնում, ասես այն կենդանի էակ լիներ։
Որպեսզի սպասելիքն իրականանա, պետք է այն իրոք սպասվի։ Սպասող մեկն ակնկալում է, որ իր սպասելիքը շուտով իրականանալու է։ Նա հավատում է դրան։ Եթե մտքի թաքուն անկյուններում մնում են կասկածներ, որ դա այդպես չէ, ապա արդյունքն էլ նույնը չի լինի։ Ես համոզված եմ, որ նման պարագաներում հենց հավատքն է, որ նպաստում է սպասելիքի իրականանալուն. հավատքն է սարեր շարժում։
Այո՛, հավատքը սարեր է շարժում։ Եթե մեկն իրոք հավատում է, որ «այս գործը լինող է», իր հավատքն իրեն ուժը է տալիս, որը նպաստում են գործի իրականանալուն։ Եթե մեկը չի հավատում, իր կասկածները խանգարում են անել անհրաժեշտ քայլեր։ Նա գիտակցաբար եւ ենթագիտակցաբար անում է շարժումներ, հնչեցնում խոսքեր, որոնք վկայում են այդ կասկածների մասին եւ դրանով իսկ խանգարում լավ արդյունք ստանալուն։
Համայնքը զորեղ է
Հենց այս ֆենոմենով է բացատրվում, թե ինչու է համայնքն այդքան զորեղ, եւ ինչու է մարդու համար այդքան կարեւոր շրջապատը։ Շրջապատի ակնկալիքներն այս կամ այն չափով ազդում են յուրաքանչյուրի գործելու, դրսեւորվելու ձեւերի վրա։ Եթե որեւէ մեկի շրջապատում բոլորը մտածում են, որ տվյալ անհատը չի կարող էական հաջողություններ ունենալ, նա այդ հաջողություններին կարող է հասնել միայն տիտանական ջանքերի եւ համայնքին հակառակվելու միջոցով։
Ճիշտ է նաեւ հակառակը։ Եթե շրջապատված ենք մարդկանցով, որոնք մեզնից մեծամեծ բաներ են ակնկալում, նրանք իրենց սպասումով մեր դրսեւորման համար ստեղծում են բարերար միջավայր։ Իսկ մենք սկսում ենք անել հնարավորն ու անհնարը՝ արդարացնելու համար շրջապատի սպասումները։
Համայնքին, ընդունված տեսակետներին հակադրվելը եւ ուրույն ճանապարհ գտնելը միշտ դժվար են եղել։
Անձնական հարթություն
Վերը նկարագրված օրինակներն ավելի շատ վերաբերում էին սոցիալական հարաբերություններին։ Իսկ ինչպե՞ս է դրսեւորվում Պիգմալիոնի էֆեկտը անձնական հարթությունում։
Անձնական հարթությունում այն նշանակում է՝ ինքներս մեզնից ունեցած ակնկալիքները նպաստում են դրանց իրականանալուն, կամ այլ բառերով՝ մեր սպասելիքները կերտում են մեր ապագան։ Սա նման է հետեւյալին՝ որ կողմ նայում ենք, այն կողմ էլ գնալու ենք։ Մեզնից ունեցած մեր ակնկալիքները նման են աչքակալների, որ ուղղորդում են մեր ընթացքը։
Եթե առավոտյան քայլում ենք եւ վստահ ենք, որ օրը լինելու է լավագույնը, այն այդպիսին էլ լինելու է։ Իսկ եթե առավոտյան շուտ սկսել ենք մեր ախն ու վախը, բողոքում ենք եղանակից, իշխանություններից, աշխարհից ու ճակատագրից, անկասկած, մեր օրը հենց այդպիսին էլ լինելու է՝ ախով, վախով ու բողոքներով լեցուն։
Եթե հիվանդը մտածում է, որ իր վիճակը ծանր է, եւ բուժումը շատ դժվար է լինելու, դրանով իսկ խանգարում է իր բուժմանը։ Եվ հակառակը՝ եթե հիվանդը համոզված է, որ մի քայլ եւս, եւ ինքը առողջանալու է, իր համոզվածությամբ եւ դրական տրամադրվածությամբ նա աջակցում է բուժող, ապաքինող ուժերին։
Մարդը միջավայրի արդյունք է
Պիգմալիոնի էֆեկտն արտահայտվում է ամենուր, բայց առանձնապես՝ սոցիալական հարաբերություններում։ Երբ դասարանի «գերազանցիկներով» վերեւից ենք նայում ոչ այնքան լավ սովորող մեկին, դրանով նրան մղում ենք այլ մի աշխարհ՝ գործելու եւ դրսեւորվելու մեկ այլ դաշտում։ Մենք չենք էլ մտածում օգնել նրան գտնելու իր ուղին, տեսնելու իր ներսում եղած լավագույնը եւ զարգացնելու այն։ Ու եթե նա հետագայում սխալներ է գործում, հիշենք, որ մենք եւս մեղավոր ենք։
Ստացվում է, որ մեր շրջապատում որեւէ մեկի գործած սխալներում մենք եւս ունենք մեր լուման։ Քանի որ մեր սպասումներով չենք կարողացել ձեւավորել այն դաշտը, որտեղ նա կարող էր դրսեւորվել լավագույնս։ Եվ, ընդհանրապես, մենք բոլորս այս կամ այն չափով պատասխանատու ենք ե՛ւ ներկայի, ե՛ւ հնարավոր ապագայի համար։
Ուզո՞ւմ ենք հասարակությունը, մարդիկ փոխվեն, նախ պետք է ստեղծենք անհրաժեշտ միջավայր։ Իսկ այդ փոփոխություններին ուղղություն են տալու մեր սպասումներն ու ակնկալիքները։
Ուզո՞ւմ ենք դրական արդյունքներ ստանալ, պետք է սովորենք բոլոր իրավիճակներում փնտրել «դրականություն», տեսնել լուսավորն ու բարին։
Այս ամենից իմ արած հիմնական հետեւությունն այս է՝ «ինչ որ փնտրում ենք, այն էլ գտնում ենք»։ Եթե փնտրենք, ակնկալենք վերինները, բարին, գեղեցիկը, դրանք էլ գտնելու ենք։
Մեր երազանքները, մտքերն ու ձգտումները իրականանալու հատկություն ունեն։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։