Ըստ ամերիկյան CNN հեռուստաալիքի՝ Իրանը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու պահանջից։
Ավելի վաղ Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ-ի) վերականգնման մասին պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել բառացիորեն առաջիկա օրերին:
Իրանական կողմի այս պահանջը հիմնական խոչընդոտն էր միջուկային գործարքի վերականգնման ջանքերում:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիության առաջարկած միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի նախագծի պատասխանում Իրանը չի պահանջել, որ ԻՀՊԿ-ն հանեն ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցանկից:
Իրանը օգոստոսի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին իր պատասխանն էր ուղարկել միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ։ Թեհրանը նաեւ իր տեսակետն էր հայտնել բանակցությունների «մնացած հարցերի» վերաբերյալ: ԵՄ-ում Իրանի պատասխանը կառուցողական են համարել եւ հայտարարել, որ հետագա քայլերի շուրջ խորհրդակցում են ԱՄՆ-ի հետ: