Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսների մարտական ակտիվության վերաբերյալ՝ նշելով, որ գրավելով ԱԷԿ-ը եւ ամրապնդվելով դրան հարող տարածքում՝ ռուսներն այնտեղից են կրակ բացում՝ գիտակցելով, որ ուկրաինացիները չեն համարձակվի պատասխան կրակով վտանգել այդ կառույցը:
Կիեւում ենթադրում են, որ Մոսկվան ձգտում է Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատելու ուկրաինական էներգացանցից եւ միացնելու ռուսականին եւ պատճառ գտնելու համար սադրանք է կազմակերպելու ԱԷԿ-ի մոտակայքում:
Նախօրեին Օդեսա այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը պատկանում է Ուկրաինային եւ երկու կողմերին կոչ է արել անհապաղ դուրս բերելու ստորաբաժանումներն այդ շրջանից:
«Եթե մենք ապառազմականացնենք ատոմակայանի տարածքը, ապա խնդիրը լուծված կլինի: Եվ միանշանակ է, որ Զապորոժիեում արտադրված էլեկտրականությունն ուկրաինական է, այն անհրաժեշտ կլինի Ուկրաինայի ժողովրդին հատկապես գալիք ձմռան ամիսներին: Այս սկզբունքը պետք է անվերապահորեն հարգել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Մոսկվան, իր հերթին, Կիեւին է մեղադրում ԱԷԿ-ը հրետակոծելու համար եւ պնդում, որ դա կարող է միջուկային աղետի հանգեցնել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիեւը փաստացի «պատանդ է վերցրել» ամբողջ Եվրոպան՝ գնդակոծելով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։
Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի երեկվա հեռախոսազրույցում Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պայմաններ ստեղծելու Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների այցի համար եւ տեսուչներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու:
ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի արտաքին կապերի նախկին պաշտոնյա, «Ատոմային էլեկտրակայանները որպես թշնամու զենք» (Nuclear Power Plants as Weapons for the Enemy) գրքի հեղինակ Բենեթ Ռամբերգը ճապոնական The Japan Times պարբերականում հրապարակված հոդվածում զգուշացնում է, որ Կրեմլը ձգանը քաշի թե չէ, դա կհանգեցնի այնպիսի աղետի, որ երբեւէ որեւէ ներխուժող բանակ չի տեսել։ Ռամբերգն ահազանգում է, որ չորս տարբեր վայրերում տեղակայված 15 ռեակտորները, որոնք ապահովում են Ուկրաինայի էներգետիկ կարիքների շուրջ 50%-ը, հարվածի տակ ընկնելու դեպքում ահավոր սպառնալիք են, իսկական ռադիոլոգիական ականներ, որոնց Ռուսաստանն ինքը կարող է զոհ դառնալ։