Հայկ Մանուկյանը մեկն է հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներից, որ այս տարի անցկացված վերափորձաքննության ընթացքում զրկվել են հաշմանդամության կարգից եւ դրա համար տրվող նպաստից: Նախկին զինծառայողն ընտանիքի հետ բնակվում է Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում:
Հայկը հիվանդություն է ձեռք բերել 2019-ին՝ պայմանագրային զինծառայության երրորդ տարում: Վիրահատել են, աշխատանքից ազատել ու սահմանել 3-րդ կարգի հաշմանդամություն, որի համար ամսական 45 հազար դրամ նպաստ է ստացել:
2020 թվականին, համավարակով պայմանավորված, վերափորձաքննություն չի եղել, եւ Հայկը շարունակել է ստանալ նպաստը: 2022-ի հունիսին Եղեգնաձորում անցկացված վերափորձաքննության ընթացքում նրան զրկել են հաշմանդամության կարգից՝ պնդելով, թե առողջ է: Նախկին զինծառայողի համար այդ որոշումն անընդունելի է: Նա պարբերաբար բժշկական ստուգումներ է անցնում, դեղեր ստանում, ու նպաստը որոշակիորեն բավարարել է միայն ճանապարհածախսին:
«Ես համաձայն չէի այդ որոշմանը, ասում են՝ զրկում ենք, առողջ եք, չեք համապատասխանում մեր չափանիշներին: Ես ուզում եմ, որ գոնե մի հիմնավորում ներկայացնեն, պատճառն ասեն, բացատրեն՝ ո՞նց եմ առողջ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Հայկը:
Նախկին զինծառայողը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրանցից երկուսը եւս առողջության խնդիրներ ունեն: Երեխաների դեպքում հաշմանդամության կարգ չի սահմանվել, բայց երկու տարի նպաստ են ստանալու: Հայկի կինը՝ Մերին, ասում է, որ վերափորձաքննություն անցկացնողներն էլ չեն թաքցրել՝ հիմնականում տրամադրված են զրկելու կարգերից:
Երեխաների նպաստները եւս միայն ճանապարհածախսի համար են բավականացնում: Ընտանիքն ավտոմեքենա չունի, Մերին ամսական մի քանի անգամ երեխաներին երթուղային տաքսիներով է մարզից Երեւան՝ հիվանդանոց հասցնում: Հայկն առողջության խնդիրներ ձեռք բերելուց հետո անաշխատունակ է դարձել, հիմա ամիսը մի քանի օր գյուղում տարբեր աշխատանքներ է անում, եթե հնարավորություն է լինում, բայց ստացած գումարը բավարար չէ ե՛ւ երեխաներին մեծացնելու, ե՛ւ առողջության խնդիրները լուծելու համար:
«Երեխաներիցս մեկին կրթության հատուկ պայմաններ են անհրաժեշտ, մյուսը հինգ տարեկան է, բայց դեռ չի խոսում: Մի երեխայիս էլ ստուգեցին, նորից առողջության խնդիրներ են նկատվել: Այս բոլոր հարցերով զբաղվել է պետք, բայց պետությունը մի բան էլ ամուսնուս հաշմանդամության նպաստից է զրկում՝ առանց որեւէ հիմնավորման»,- ասում է Մերին:
Կինը միայն երեխաների խնամքով է հասցնում զբաղվել: Հիմա ընտանիքի ամսական կայուն եկամուտը սոցիալական նպաստն ու երեխաների առողջության խնդիրների համար տրվող նպաստներն են՝ մոտ 100 000 դրամ: Թե դրանով ինչպես պիտի ապրեն, մյուս կողմից էլ՝ պատրաստվեն ձմռանը, երբ տանը կենցաղային մի շարք խնդիրներ կան, չգիտեն:
Հայկ Մանուկյանը 2021-ի նոյեմբերի 12-ից Նախիջեւանի սահմանից անհետացած պայմանագրային զինծառայողի՝ Վահե Մանուկյանի եղբայրն է: Վահեի գտնվելու վայրի, ողջ լինել-չլինելու վերաբերյալ ո՛չ հարազատները, ո՛չ իրավապահ մարմինները ոչինչ չգիտեն մինչ օրս:
Այս հանգամանքը վերափորձաքննություն անցկացնողները հաշվի չեն առել: Ուղիղ են ասել՝ մեկը մյուսի հետ կապ չունի:
Հայկ Մանուկյանը հաշմանդամության կարգից զրկվելու վերաբերյալ իր դժգոհությունը ներկայացրել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն փոփոխության հույս չունի: Նախարարության պատասխանն այս ամիս է լինելու:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: