Պատերազմում ծանր եւ նվաստացուցիչ պարտությունից հետո հայ ինտելեկտուալները վերջապես կարողացան ուշքի գալ եւ պատասխան հարված հասցնել թուրքական իմպերիալիզմին։ Սա ամենեւին էլ Perfect TV-ի վերնագիր չէ եւ ոչ էլ սովորական հեգնանք, այլ հերթական մի արձանագրում հայ քաղաքական մտքի թշվառության։
Մինչ Ադրբեջանը նախապատրաստում է իր հաղթական մուտքը Բերձոր, Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշում, Սյունիքի վրա էլ սեւ ամպեր են կուտակված, համացանցի հայկական տիրույթում ակտիվորեն կյանքի է կոչվում թուրքական բառերից հրաժարվելու եւ հայերենն անաղարտ պահելու նախաձեռնությունը։ Օրինակ՝ առաջարկվում է հրաժարվել զիբիլ, բոյ, քյոռփա, արաղ, խի, ջեբ, սուս եւ հայախոս մարդկանց համար արդեն իսկ հարազատ դարձած բազմաթիվ այլ բառերից։
Թող որեւէ մեկը չնեղանա, բայց նախաձեռնությունն այս գավառական ցածր եւ ամուլ հայրենասիրության հերթական դրսեւորումներից մեկն է։ Պատմագիտական տեսանկյունից այն նաեւ հակամշակութային է եւ ոչ բնական։
Հանրահայտ փաստ է, որ հայերն ու թուրքերը, ինչպես նաեւ հայերն ու ադրբեջանցիները հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի, ավելին՝ հայ ազգը Օսմանյան կայսրության հիմնական կրոնաէթնիկական եւ մշակութային միավորներից մեկն է եղել։ Արմատապես ինտեգրված եւ ադապտացված լինելով կայսերական տնտեսական եւ քաղաքական կյանքին՝ հայերը որոշ հեղինակների կողմից նույնիսկ «քրիստոնյա թուրքեր» են անվանվել։
Էլ ավելի խորն են կապերն ու շփումները Արեւելյան Հայաստանում, որտեղ հայերն ու ադրբեջանցիները (կամ կովկասյան թաթարները), հայտնվելով Ռուսական կայսրության եւ ԽՍՀ Միության մշակութային ընդհանրական տարածությունում, ներդաշնակության են հասել նույնիսկ կենցաղում եւ առօրեական-ծիսական փոխհարաբերություններում։ Այսինքն՝ ժողովուրդների միջեւ քաղաքակրթական, էթնիկական եւ կրոնական անտագոնիզմ երբեւէ չի եղել։
Հայ-թուրքական հակամարտությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում, ավելին՝ դա մեծ հաշվով միջպետական բախում է։ 1890-1921 թվականներին թուրքերի կռիվը ոչ թե հայերի դեմ էր, այլ Հայաստան գաղափարի։ Այլ խոսքով՝ եթե հայերը չմտածեին անկախության մասին, ապա հանգիստ կապրեին Օսմանյան կայսրության կազմում։ Իսկ սա արդեն իսկ զուտ քաղաքական հարց է եւ ոչ թե էթնիկական ու կրոնական։
Հակիրճ եւ ոչ ամբողջական այս վերլուծությունից հետեւում է, որ հայերն ու թուրքերը իրարից անջատ եւ անհաղորդ իրականություններում չեն ապրել։ Ընդհակառակը՝ հարյուրամյակների դրկից կյանքը պատճառ է դարձել մշակութային անխուսափելի փոխներթափանցման։ Այսինքն՝ երկու մշակութային համակարգերի միջեւ տեղի է ունեցել արժեքների փոխանակություն, ինչը բնորոշ է բոլոր կենսունակ, զարգացող հանրույթներին։
Հենց այս բնական եւ օրինաչափ գործընթացով է պայմանավորված այն իրողությունը, որ մենք օգտագործում ենք թուրքական բառեր, երգում ենք թուրքերեն երգեր, համընկնումներ կան կենցաղում, առօրյայում, խոհանոցում եւ կյանքի տարատեսակ այլ ոլորտներում։
Հատկապես հայերի պարագայում այս գործընթացը չպետք է զարմանքի պատճառ դառնա, քանի որ, ինչպես պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանն էր իր դասախոսություններում հաճախ կրկնում, Հայաստանը հարյուրամյակների ընթացքում դրսեւորվել է որպես պատուհան քաղաքակրթություն, այսինքն՝ այն արժեքներ է ստացել միաժամանակ ե՛ւ արեւելքից ու արեւմուտքից, ե՛ւ հարավից ու հյուսիսից։
Մանրախույզ հայացքը բացահայտում է հայկականության բազմաշերտ բնույթը, որտեղ քողարկված են բյուզանդական, պարսկական, արաբական, թյուրքական, ռուսական եւ եվրոպական շերտերը։ Թերեւս հենց սրանում է Հայկական մշակույթի ամենամեծ հարստությունը․ այն ծայրահեղ նախանձախնդիր է մշակույթի հիմքը պահպանելիս եւ հետեւողական՝ կենսունակ արժեքներ յուրացնելիս։ Այսինքն՝ թուրքերենը հայերի լեզուն չի դարձել, ընդհակառակը՝ թուրքական բառերն են հայերեն դարձել՝ հարստացնելով հայոց լեզուն եւ լեզվամտածողությունը (ինչպես նաեւ պարսկերենը, հունարենը, ասորերենը, արաբերենը, ֆրանսերենը եւ այլն)։
Ցավոք, կիսագրագետ հայ քաղքենին ի զորու չէ հասկանալու իր ժողովրդի պատմական զարգացման ընթացքն ու տրամաբանությունը։ Նրանք Կալկաթայի անգլերենով ծամածռվում են, դաղստանցի ըմբշամարտիկի ռուսերենով ջարդջրդվում, էժանագին գինին պատվիրում ֆրանսերեն «ղ»-ի բարձրաշխարհիկ շեշտադրությամբ, բայց թուրք եւ թուրքերեն եզրույթները լսելիս խրտնում են եւ տռճիկ տալիս։ Իբր ովքե՞ր են այդ քոչվոր բարբարոսները, ինչպե՞ս կարող է Նարեկացի եւ Չարենց ունեցող ազգը թուրքերեն բառեր արտաբերել կամ մուղամ երգել։
Մարդկության պատմության եւ ինչու չէ նաեւ հենց մեր փորձը ցույց է տալիս, որ արհեստական միջամտությամբ հնարավոր չէ մշակութային եւ առեւտրական հոսքերը կանգնեցնել ու դադարեցնել։ Որքան էլ պետությունները թշնամական փոխհարաբերությունների մեջ լինեն, միեւնույնն է, առեւտրական եւ մշակութային փոխներթափանցումներն անկասելի են, նույնիսկ եթե Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կոնֆլիկտը եւս հարյուր տարի շարունակվի։
Այս երկու երեւույթները վեր են ամեն տեսակի կրոնական եւ ազգային միֆերից, ավելին՝ իրացվում են միֆերով պարտադրված ատելության նույնիսկ ամենաբարձրակետային իրավիճակներում։ Ասվածից հետեւում է, որ պատմական օրինաչափությունից բխող մշակութային փոխներթափանցման բնական գործընթացի դեմ պայքարը քաղաքական տհասության եւ իռացիոնալ, նեղմիտ գավառականության պարզ դրսեւորում է։
Մենք ոչ միայն չենք փորձում դասեր քաղել մեր ռազմաքաղաքական կապիտուլյացիայից, այլեւ հավակնում ենք այսուհետ աշխարհին նայել գետոյացված ցածր մշակույթի դիրքերից։ Մենք չենք փորձում թուրքերի հետ խոսել քաղաքական ազգին հարիր տրամաբանությամբ, ընդհակառակը դիրքավորված ենք որպես պարզունակ եւ նեղացած կրոնաէթնիկական համայնք, ավելի շուտ՝ համայնական խառնամբոխ։
Սա Հայաստանն է, ոչ թե Բեյրութի հայ համայնքը: Կարծում եմ, տարբերությունն ակնբախ է, քանի որ 98 տոկոս հայերով բնակեցված, ազդեցիկ եւ ագրեսիվ մշակույթով սպառազինված երկրում հայապահպանությամբ զբաղվելը կամ էլ հայերենին սպառնացող վտանգների մասին խոսելը նույնն է, ինչ Հաջի ժամանակ Քաաբայի տաճարում իսլամ քարոզելը։
Այսինքն՝ աննորմալություն։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։