Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդներ Ջո Բայդենը, Բորիս Ջոնսոնը, Էմանուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են Ուկրաինայում ռուսական ուժերի բռնազավթած Զապորոժիեի ատոմակայանի շուրջը ստեղծված իրավիճակը՝ համատեղ հեռախոսային խոսակցության արդյունքում կոչ անելով զսպվածություն ցուցաբերելու Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ի հարակից տարածքում ռազմական գործողությունների ժամանակ։
Նրանք միաժամանակ վերահաստատել են իրենց աջակցությունը եւ Կիեւին կոչ են արել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն անհապաղ այց կազմակերպեն Զապորոժիեի ատոմակայան։
Ռուսաստանը եւ Ուկրաինան մեղադրում են միմյանց ատոմակայանի ուղղությամբ արձակվող կրակի համար։ Դիտորդները մտահոգված են, որ ԱԷԿ-ի շուրջը ռազմական գործողությունները կարող են միջուկային նոր աղետի պատճառ դառնալ՝ ավելի մասշտաբային, քան 1986 թվականի Չեռնոբիլի աղետն էր։
Բանակցություններ կվարի Զապորոժիեի ԱԷԿ-ի թեմայով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ սպասվում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի եւ ուկրաինական ճգնաժամի քննարկում։ Այս հակամարտության մեջ միջնորդական դեր ստանձնած Թուրքիան միակ երկիրն է, որ ձեռք է բերել երկու կողմերի վստահությունը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Լվովում Զելենսկու եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ իր բանակցությունների արդյունքները, ինչպես նաեւ Ռուսաստանի առաջնորդին խնդրել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Զապորոժիեի ԱԷԿ-ում իրադրության կարգավորման համար: