ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո անհայտ կորած համարվող քաղաքացու դին դեռ չի հաջողվել գտնել, թեեւ որոնել են բոլոր հավանական տեղերում։
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ անհայտ կորած է համարվում 1967-ին ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
«Նկուղի հատվածը նայել ենք, առաջին հարկը՝ նույնպես։ Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավելի հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,– նշել է Եմիշյանը։ Նա չի բացառել, որ որոնվողի մարմինը մոխրացած լինի, սակայն միաժամանակ հավելել է, որ այդ տարածքում 1-1.5 մետր մոխիր է եղել, եւ հնարավոր չի լինի մոխրից փորձաքննություն անել։
ԱԻՆ-ի պաշտոնյան ասել է, որ չնայած բացառում են առաջին եւ երկրորդ հարկերում քաղաքացու դին գտնելու հնարավորությունը, վստահեցրել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են․ ըստ նրա՝ եթե անգամ նրան գտնելու հավանականությունը 1% է, որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարեցվելու։
Եմիշյանը հավելել է, որ մոխիրների մեջ մասունքներ են փնտրել, սակայն չեն կարողացել գտնել։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար մնացել է 40 քմ տարածք։
Հայտնաբերված բոլոր 16 զոհերի մարմինները նույնականացված են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ում զոհված քաղաքացիներից վերջինի մարմինը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին անհայտ կորած համարվող, 63-ամյա Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Այսպիսով՝ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված բոլոր 16 զոհերի մարմինները նույնականացված են։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 22-ի՝ 14:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի, նրանց թվում՝ 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը, 1970-ին ծնված Անահիտ Զարզանդի Խալաթյանը եւ 1959-ին ծնված Գագիկ Կարապետյանը։
Օգոստոսի 14-20-ը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել է ՓԾ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների 1189 փրկարար։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ այս օրերին ցավակցական ուղերձ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եվրոպական եւ միջազգային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։
Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ալբանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ օտարերկրյա այլ պաշտոնատար անձինք։