Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, այժմ Միացյալ Նահանգները ներկայացնող Լեւոն Արոնյանը Մայամիում անցկացված արագ շախմատի FTX Crypto Cup Meltwater Champions Chess Tour-ում 8 միավորով զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Վերջին տուրում հայ շախմատիստը 1,5:2,5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջային:
Ընդհանուր առմամբ Արոնյանը մրցաշարում երեք հաղթանակ է տարել Լե Կուանգ Լիեմի (Վիետնամ), Հանս Նիմանի (ԱՄՆ) եւ Յան Քշիշտոֆ Դուդայի հետ խաղերում։ Արոնյանը պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, Անիշ Գիրիին, Ռամեշբաբ Պրագնանանդհային (Հնդկաստան) եւ Ալիռեզա Ֆիրուզային։
Մայամիում անցկացված մրցաշարն ավարտվել է համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով։
1,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով Meltwater Champions Chess Tour իննամսյա միջազգային հեղինակավոր մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը։