«Սուրմալու»-ի աղետը եւ դրան հաջորդած թե՛ հասարակության որոշակի շերտերի, թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության արձագանքները ցույց տվեցին, որ Հայաստանում անիշխանության, ամենաթողության, ինքնահոսի եւ ապապետության ուրվական կա։
Ուրվական, որը հետեւողականորեն քարոզվում, տարածվում եւ նյութականանում է։ Այն քայլ առ քայլ միս ու արյուն է ստանում, սպառնում ապալեգիտիմացնելով պետության եւ անկախության գաղափարն ինքնին՝ անթաքույց քարոզելով նոր՝ «ՀԽՍՀ 2.0.» պրոյեկտը։ Դրա ջատագովներն էլ խոսում են Թաթարստաններից, ավելի խոր ինտեգրացիաներից, համաշխարհային հայությունից, մշուշոտ ներկայից եւ ոսկե դար ապագայից։
Նրանք, այս իրավիճակը օգտագործելով, քարոզում են, որ մենք ապապետական ազգ ենք, կառավարել չգիտենք, քաղաքականապես տհաս ենք եւ միայն հյուսիսի դաշնակցի կազմում կարող ենք մեր եւ Արցախի հայության գոյությունը պահպանել։
Սուվերենությունից նոր գաղութացում. ինչպե՞ս հասանք սրան
2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին եւ թիմին չհաջողվեց վերակառուցել կառավարման համակարգը, վերափոխել լճացած ոլորտներն ու նոր լիցք հաղորդել պետական կառավարմանը։ Որքան խոսվում էր սուվերենությունից, նոր իմիջից ու ժողովրդավարության բաստիոնից, այնքան մոռացվում էին նախկին խոստումներն, ու կառավարման իմպոտենտությունն անվանվում «իներցիա»։
Իհարկե, հարցն այն չէ, թե որքան, ինչ աստիճանի ու քաղաքական կամքի ինչ առկայություն կար հայտարարված հեղափոխական օրակարգի իրականացման համար, բայց դա արդեն այլ օպերայից է։ Փաստ է, որ Փաշինյանն ու նրա թիմը դատաիրավական ռեֆորմը համեմատում էին «խորոված անելու», «դանդաղ շտապելու» հետ՝ այդպես էլ կիսատ ու հում թողնելով միսը։
Նույնը նաեւ ՍԴ ճգնաժամի, նախարարությունների վերապրոֆիլավորման, գողացված միլիարդների ու ապաօլիգարխացման հարցերում էր։ Մյուս կողմից ամբողջ ուշադրությունն ուղղվեց Մարտի 1-ի ու Ռոբերտ Քոչարյանի գործերի իմիտացիային՝ արդյունքում տապալելով դրանք՝ բարեհաջող մոռանալով Սերժ Սարգսյանին ու վերջ ի վերջո սահմանադրական երաշխիքներով եւ Հյուսիսի քավորությամբ ազատելով Քոչարյանին պատասխանատվությունից ու փակելով Մարտի 1-ի էջը։
2018-ից հետո դե ֆակտո Հայաստանում սողացող իշխանական ճգնաժամ էր՝ փափուկ եւ անարյուն «քաղաքացիական պատերազմի» մոտիվներով։ Եռագլուխ հրեշը՝ ի դեմս Փաշինյան-Սարգսյան-Քոչարյան եռյակի, ամեն կերպ փորձում էր պահպանել եւ ընդլայնել սեփական դիրքերն ու նոր ոլորտներ գրավել՝ թքած ունենալով պետության, պետական կառավարման ու քաղաքացիների վրա։
Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը ճգնաժամի, սողացող ու փափուկ «քաղաքացիական պատերազմի» եւ էլիտար խմբերի անողոք պայքարի բովում մտավ պատերազմի մեջ։ Մտավ՝ նախեւառաջ չցանկանալով խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, շարունակելով «ոչմիթիզականության» քարոզն ու դիրքավորվելով Վազգեն Սարգսյանից ավելի կաթոլիկ ամպլուայում։
Ստացանք պարտություն, կապիտուլյացիա, պաշտպանական համակարգի փլուզում, ռուսական բազաներ, խաղաղապահ կոնտինգենտ Արցախում, հայաթափում եւ աղետների շղթա, որի վերջը նույնիսկ հորիզոնում չի նշմարվում։
Ժամանակավոր ստատուս քվո
44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը թեւակոխեց ազատ անկման փուլ։ Բոլորը կարծում էին, թե Փաշինյանի իշխանության օրերը հաշված են, եւ փլուզվելուն այլընտրանք չկա։
Հարկ է հիշել, որ փլուզման ենթակա են միայն կուռ համակարգերը, իսկ Փաշինյանի իշխանությունն ի սկզբանե քաղաքական ու էլիտար խմբերի կոնսենսուսի արգասիք էր՝ ամրապնդված ժողովրդավարական ընտրություններով, եւ նրա կենսունակություն հիմքն իր թուլության մեջ էր։
Միայն մեկ անգամ եղավ իրական վտանգ գործող իշխանության համար։ Երբ գլխավոր շտաբի անվեհեր գեներալները մեկ մարդու պես ձեռնարկեցին «հիբրիդային» հեղաշրջման փորձ, որն էլ, ոչ առանց Հյուսիսի քավորության, վերածվեց արտահերթ ընտրությունների՝ վերահաստատելով Փաշինյանի ու ՔՊ-ի մանդատը։
Մանդատ, որն առաջինը շնորհավորեց ու վերահաստատեց ՌԴ նախագահ, ոխերիմ դաշնակից Վլադիմիր Պուտինը՝ հատուկ ընդգծելով, որ սպասվող փոփոխություններում ու գործընթացներում շատ կարեւոր է ժողովրդի վստահության քվեն։ Ակնարկն, իհարկե, հայ-ադրբեջանական կարգավորման ռուսական ծրագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերի ու տարածաշրջանային ինտեգրացիոն պրոյեկտների մասին էր։
Արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց նաեւ հետպատերազմյան եռապետությունը՝ Փաշինյան-Սարգսյան-Քոչարյան եռագլուխ հրեշը՝ իրենց թիմերով, սատելիտներով ու կապիտալով։
Հետագա ներհանրային ատելության մթնոլորտը, իշխանության եւ ընդդիմության իմպոտենցիան, անընդհատ ճգնաժամերն ու կառավարման խաթարումները ցույց տվեցին, որ արտահերթ ընտրություններն ու քաղաքական ուժերի վերադասավարոթյունը ոչ միայն չլուծեցին առկա խնդիրները, այլեւ էլ ավելի խորացրին քաղաքական ճգնաժամը։
Ի՞նչ ունենք հիմա
Ռուսաստանի պատերազմական գործողությունները Ուկրաինայում խառնեցին ոչ միայն աշխարհի գերտերությունների, խոշոր խաղացողների, այլեւ ներհայաստանյան քաղաքական շրջանակների խաղաքարտերը։
Դրանից անմիջապես օգտվեց Ադրբեջանը՝ պատերազմից մեկ օր առաջ էլ ավելի «խորացնելով» ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ, դե ֆակտո, քարտ բլանշ ստանալով արցախյան ուղղությամբ։ Ալիեւն ու նրա հովանավոր Թուրքիան որոշեցին ամեն գնով արագացնել պրոցեսներն ու տրամաբանական ավարտին հասցնել այս հնարավորությունների պատուհանը՝ առավելագույնս ստանալով Հայաստանից ու հայկական քաղաքական ճգնաժամը կապիտալիզացնելով այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանն էր Արցախյան առաջին պատերազմում արել Ադրբեջանի հանդեպ։
Այս համատեքստում արդեն իսկ ակտիվացան հայկական «ցանցային պետության», այսինքն՝ գաղութային «ՀԽՍՀ 2.0.» պրոյեկտի ջատագովները՝ անթաքույց խոսելով այս իշխանությունների հեռացման, համաշխարհային հայության կառավարման (հանուն հայրենիքի մոռանալով սահմանդրությունը, ընտրություններն ու պետության այլ հիմնասյուները), Թաթարստանի վերածվելիք Հայաստանի եւ, իհարկե, ռուսական ներկայության էլ ավելի ամրապնդման մասին։
Էլ ինչ ցանցային պետություն առանց ռուսական զորքերի, խաղաղապահների, անմոռաց ինտեգրացիայի ու վասալական կախվածության խթանման։
Ստացվեց այնպես, որ հետպատերազմյան այս ճգնաժամին ռուսահայ խոշոր կապիտալը պատասխանեց պարզ բանաձեւով՝ գաղութացում հանուն «խաղաղության ու բարգավաճման»։ Եվ անմիջապես լծվեց եղածը զրոյացնելու, եղածն ապականելու, անցյալն ու ձեռքբերումները ապալեգիտիմացնելու, ամեն ինչ մերժելու սուրբ գործին։ Եղան նաեւ այնպիսիք (Արմեն Սարգսյանի ականջը կանչի), որոնք խոսում էին 4-րդ հանրապետությունից ու նոր ցանցային ինքնությունից։
Հիմա այդ նույն մտայնության մարտիկները, օգտագործելով «Սուրմալու»-ի աղետը, երիցս ազդարարում են պետության ավարտն եւ իշխանության չգոյությունը՝ փորձելով մեզ համոզել, որ «քաոսի» եւ անպատվության միջեւ պետք է ընտրել միութենական գաղութը՝ անվանելով այն «Նոր Հայաստան», «Ցանցային Հայաստան», «Հայաստան 2041, 51» կամ թե ում սիրտը ինչ ցանկանա։
Իսկ լուծումը կրկնվում է մանտրայի պես՝ փոխել ներկաներին, մոռանալ նախկիններին, ինտեգրվել կայսրության կազմում, բացել ոսկեդարը, կառուցել Թաթարստան եւ ապրել խաղաղ եւ անամպ մեծ կայսրության խաղաղության դրոշի ներքո՝ Pax Russica ազգային կապիտալի ռուսական հոտով ու ծիրանի վերնիսաժյան զեղումներով։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։