Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Չինաստանը 2022-ի մարտից մինչեւ հուլիս Ռուսաստանից նախորդ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ներմուծել է 35 միլիարդ դոլարի էներգապաշարներ:
Bloomberg-ի հաշվարկները հիմնված են ՉԺՀ-ի մաքսային գերատեսչության վիճակագրական տվյալների վրա:
Դրա հետ մեկտեղ հուլիսին ռուսական ածխի ներմուծումը Չինաստանում հասել է ռեկորդային ծավալի՝ 7,7 միլիոն տոննայի, ինչը 2021-ի այդ նույն ամսվա ցուցանիշից 14%-ով ավելի է: Կոքսացված ածուխի մատակարարումները եղել են 2 միլիոն տոննա՝ անցյալ տարվա համեմատությամբ կտրուկ ավելանալով 63%-ով: Այդպիսով Ռուսաստանը, առաջ անցնելով Ինդոնեզիայից, հուլիսին դարձել է ածխի ամենախոշոր մատակարարը Չինաստանի համար:
Մինչդեռ ռուսաստանյան նավթի ներմուծումն անցյալ ամսին ավելացել է 8%-ով եւ հասել 7,15 միլիոն տոննայի, հեղուկացված բնական գազը՝ 20%-ով՝ հասնելով 410 հազար տոննայի: Ընդհանուր առմամբ Չինաստանը ռուսաստանյան էներգապաշարներ գնելու վրա հուլիսին 7,2 միլիարդ դոլար է ծախսել մեկ տարի առաջվա 4,7 միլիարդ դոլարի դիմաց:
Այդ մատակարարումներին բաժին է ընկնում ՌԴ-ից ընդհանուր ներմուծման շուրջ 70%-ը: Մյուս հումքային ապրանքների թվում Չինաստանին ալյումինի մատակարարումներն աճել են 16%-ով՝ մինչեւ 39,053 հազար տոննա, պալադիումինը՝ 29%-ով՝ մինչեւ 2,35 տոննա, իսկ ցորենի մատակարարումները կտրուկ ավելացել են 1,5 անգամ՝ հասնելով 3,314 հազար տոննայի: Միեւնույն ժամանակ զտված պղնձի ներմուծումը կրճատվել է 20%-ով՝ մինչեւ 20,396 հազար տոննա, նիկելինը՝ 10%-ով՝ մինչեւ 3,286 հազար տոննա։