ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ Թեհրանի պատասխանը Եվրամիության առաջարկին խելամիտ է համարել։ Բորելն ասել է, որ հիմա էլ սպասում են ԱՄՆ պաշտոնական պատասխանին։
Օգոստսի 11-ին The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են ԳՀՀԾ-ի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Ըստ այդ տեղեկության՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել է զիջումներ անել ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին վերաբերող հետաքննության հարցում, մանավանդ որ դրա ծագումն իրանական կողմը չի պարազաբանել:
Բրյուսելի առաջարկն ընդառաջ քայլ է Թեհրանին, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն է արեւմտյան կողմի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Իրանը 2015-ին միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)։ Գործարքն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում:
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու պահանջից։
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել էր, որ Եվրամիության առաջարկած միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի նախագծի պատասխանում Իրանը չի պահանջել, որ ԻՀՊԿ-ն հանեն ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցանկից:
Իրանական կողմի այս պահանջը հիմնական խոչընդոտն էր միջուկային գործարքի վերականգնման ջանքերում: