ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Իրանի` միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ առնչություն չունեցող մի շարք պահանջներից հրաժարվելու որոշումը։
«Անկասկած, մեզ ոգեւորում է այն փաստը, որ Իրանը որոշել է հրաժարվել մի շարք պահանջներից, սակայն փաստում ենք, որ դեռ մի շարք խնդրահարույց հարցեր կան»,– ասել է Փրայսը։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը դեռ ուսումնասիրում է Իրանի փոխանցած դիտարկումները միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու առաջարկների առնչությամբ եւ խոստացել հնարավորինս շուտ պատասխանել դրանց։
«Ինչ վերաբերում է այդ հարցին, ոչ մի օր չենք ձգձգի»,– վստահեցրել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։
Իր հերթին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ Թեհրանի պատասխանը Եվրամիության առաջարկին խելամիտ է համարել։
ԱՄՆ-ին ու ԵՄ-ին համաձայնությունն ավելի շատ է անհրաժեշտ, քան Իրանին․ Նասեր Քանանի
Նախքան ԱՄՆի արձագանքը Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել էր միջուկային հարցերով համաձայնագիրը վերականգնելու գործում դանդաղկոտության համար:
«Ամերիկացիները ձգձգում են, եվրոպական կողմից էլ անգործություն է նկատվում… Մինչդեռ Ամերիկային եւ Եվրոպային համաձայնությունն ավելի շատ է անհրաժեշտ, քան Իրանին»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նա հավելել է, որ բանակցությունների այս փուլի արդյունավետ լինելու մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ եվրոպացիները հայտարարեն, որ պատասխան են ստացել ամերիկացիներից։
Թեհրանը հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից ԻՀՊԿ-ը հանելու պահանջից
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու պահանջից։
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել էր, որ Եվրամիության առաջարկած միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի նախագծի պատասխանում Իրանը չի պահանջել, որ ԻՀՊԿ-ն հանեն ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցանկից:
Իրանական կողմի այս պահանջը հիմնական խոչընդոտն էր միջուկային գործարքի վերականգնման ջանքերում:
Օբաման գործարք կնքեց, Թրամփը չեղարկեց, Բայդենը վերականգնեց
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Իրանը 2015-ին միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)։ Այն ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը դուրս եկավ ԳՀՀԾ-ից եւ վերականգնեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ սկսվեցին ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաեւ Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը «համեստ» որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվելու: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրա համար մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: