«Հետք» պարբերականը հայտնում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող եւս 7 հա հողատարածք է ձեռք բերել։
Պարբերականը պարզել է, որ 2022-ի օգոստոսի 10-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք` 3 առանձին հողակտորներով, ընդհանուր 2 միլիոն 766 հազար դրամ արժեքով։ Ըստ աղբյուրի՝ հողակտորները գտնվում են Հատիս լեռան լանջին` Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արեւմուտք։
Որոշման համար հիմք են ծառայել այս տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները։
Ավելի վաղ նույն լրատվամիջոցը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան գագաթին գտնվող 9 հողակտոր, որոնք ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
Համայնքի ղեկավարը պարբերականին ասել էր, որ 100 հեկտարը «Ծառուկյան» հիմնադրամին օտարել է համայնքը, իսկ 46 հեկտարը 2008-ին օտարվել է քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին եւ ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Գաղափարը հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին
Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին դեռ փետրվարի 23-ին անդրադարձել էր ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանի խորին համոզմամբ՝ քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը պետք է կտրականապես մերժեր այդ գաղափարը, քանի որ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։
Մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ հուլիսի 15-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը:
Գիտխորհուրդը շեշտել է, որ մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական եւ պատմամշակութային հուշարձանի ողջ համակարգն ու միջավայրը:
Հայ ինքնության տեսանկյունից կարեւոր հարցերը չեն կարող լուծվել միայն մեկ անհատի ցանկությամբ
Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը եւ օժանդակ շինությունները ներկա պահին դեռեւս գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձան՝ ըստ ՀՀ համապատասխան օրենքի 20-րդ հոդվածի:
Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ հայ ինքնության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցող հարցերը (եւ սա միայն եկեղեցու հետ հարաբերությունների խնդիր չէ) չեն կարող լուծվել միայն մեկ անհատի ցանկությամբ։
Հատիս լեռան ստորոտում Հիսուսի արձանի տեղադրման, հարակից տարածքում այլ օբյեկտների շինաշխատանքների դեմ հայտարարությամբ հանդես են եկել մի խումբ հասարակական կազմակերպություններ:
Հետաքննող լրագրողների ընկերակցությունն իր հերթին հուլիսին տեղեկություն էր տարածել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով տարբեր տարիների ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող ինը հողակտոր։ Հետաքննող լրագրողները հողակտորների կադաստրային կոորդինատները համադրել են արբանյակային լուսանկարների հետ ու պարզել, որ դրանք անմիջապես Հատիս լեռան գագաթին են։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին Կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին։