Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:
ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնել են, որ սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը: Սահմանված ժամկետներում դիմում չներկայացնելու դեպքում սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում:
Ուսանողների տվյալները հավաքելուց հետո բուհերը դրանք սահմանված ձեւաչափով ներկայացնում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` համապատասխանաբար մինչեւ տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը:
Նախարարությունը վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատման դեպքում համապատասխան տեղեկությունը փաթեթով ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե:
Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը նախարարության կամ բուհի կողմից մերժվում է, եթե բուհը հավատարմագրված չէ, մասնագիտությունը ներառված չէ ՀՀ Կառավարության 2020-ի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում, դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ սովորողը ՀՀ քաղաքացի չէ կամ ունի ուսման վարձի պարտք:
Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը: Ակնկալվում է, որ այս որոշմամբ կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ: