Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, որոշել է Աղավնոյի եւ Բերձորի վերաբերյալ մի քանի ուշագրավ փաստ հրապարկել։
«Օգոստոսի կեսին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն եւ Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայկ Խանումյանը:
Արցախի ՏԿԵ նախարարը թվարկել է Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծել էներգամատակարարման եւ ինտերնետ կապի պահպանման համար։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ Բերձորում թալանվել է տրանսֆորմատորների յուղը: Այնտեղ բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձրավոլտ էլեկտրագծի համար: Աղավնոյի հատվածում էլ թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախը զրկված էր ինտերնետային կապից: Մետաղի ջարդոն գողացողները թալանել, ոչնչացրել էին կապի աշտարակները:
Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նշել է, որ ՏԿԵ նախարարությունն ու այլ պետական մարմիններ կոչ են արել չհրդեհելու տները, չքանդելու, չթալանելու ենթակառուցվածքները: Նախարարը հիշեցրել է, որ պետական կառույցներն ավելի շատ տեղեկությունների են տիրապետում եւ որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները:
«Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է)»,- շեշտել է Խանումյանը:
«Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք «ակտիվիստ» կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրել կամ հրդեհել տուն/տարածք, թողնել գնալ, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին եւ ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն»,- արձանագրել է նախարարը:
Հայկ Խանումյանն արձանագրել է, որ փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի օգտատերերին կամա թե ակամա դարձրել է Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:
Ըստ նախարարի՝ տեղեկատվության բազմազանության մեջ ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները մեծ դեր են խաղում, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալուց: Նա հավելել է, որ նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք ապատեղեկատվական գրոհի հետեւանքով կարող են ոչնչացվել:
«Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է»,- եզրափակել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը: