1990-ի օգոստոսի 23-ին մենք կատարեցինք կայսրությունից պոկվելու առաջին քայլը: Դժվար ժամանակներ էին: Բայց մեկ տարի հետո Հայաստանն անկախացավ:
Սակայն մի բան է անկախ Հայաստանը, բոլորովին ուրիշ բան, ասենք, անկախ Ֆրանսիան: Անկախ Հայաստանը մարտահրավեր մարտահրավերի հետեւից փորձում է մնալ ոտքի վրա: Անկախ Ֆրանսիան կամ անկախ Ռուսաստանը կամ անկախ Ամերիկան նրան կարող են օգնել կամ չօգնել:
Այսօր մենք համարում ենք, որ մեր անկախությունը վտանգված է: Այո՛: Բայց ինչո՞ւ: Որովհետեւ երբ անկախության խնամքի ամենակարեւոր զգացումը էլիտայի քաղաքական հոտառությունն է, այդ հոտառությունը պետք է ասի՝ ես գրավել եմ Ղարաբաղի շուրջը գտնվող 7 շրջան:
Վտանգո՞ւմ է իմ այս քայլը Հայաստանի անկախությանը, թե՞ չի վտանգում: Ոչ մի երկիր քեզ չի ասելու՝ վտանգում է կամ չի վտանգում, ինքդ պիտի գլխի ընկնես: Պիտի գլխի ընկնես, որ երբ օրը գա, չլացես, թե մեր անկախությունը մեր ձեռքից տանում են:
Եթե դու Ֆրանսիան չես, քո հաղթանակը դառնում է հետհաշվարկ: Այսինքն՝ ամեն օր պիտի աշխատես, որ այդ հաղթանակը քո դեմ շուռ չգա. առաջնորդներդ պիտի լինեն լեգիտիմ, քաղաքացիներդ օտար հպատակություններ չերազեն, պաշտոնյաներդ իրենց երեխաների ապագան քո երեխաների ապագայից չգերադասեն, թող հրաժարական տան ու գերադասեն ինչքան սիրտներն ուզում է: Սրանցից ո՞րը մենք արեցինք անկախության հռչակմանը հաջորդած 30 տարվա ընթացքում (բացառյալ՝ 1998-ի հրաժարականը):
Մեր երկրում նույնիսկ քաղաքական առաջնորդները չեն փոխվում: Ոչինչ չի փոխվում: 30 տարի առաջվա մարտահրավերն այսօրվա մարտահրավերն է. քաղաքական էլիտան նայում է Ամերիկայի կամ Ռուսաստանի կողմը, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի:
Ինչո՞ւ պիտի Հայաստանն այսօր խաղաղ չլինի, ինչո՞ւ դու պիտի զիջես միայն այն ժամանակ, երբ ստիպված ես: Այդպիսի մարտահրավեր չի լինում: Մարտահրավերը չի կարող ստեղծվել անգիտությունից, մարտահրավերը ստեղծվում է, երբ չես կանխատեսել այն, բայց ոչ անգիտությունից:
Դու անկախ ես, երբ ի վերջո հասկանում ես, որ քո մարտահրավերները Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Ամերիկան չեն: Քո մարտահրավերը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է, որը հույսեր չունի: Քո մարտահրավերը «որտեղ հաց, այնտեղ կաց»-ն է: Եվ, ընդհանրապես, քո մարտահրավերը դադարում է մարտահրավեր լինելուց, եթե այդպես էլ չի փոխվում:
Բայց երբ քո մարտահրավերը դադարում է մարտահրավեր լինելուց, ծագում է մի ուշացած ու խիստ անպտուղ հարց՝ իսկ դո՞ւ ով ես:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: