Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 23-ին «Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովում հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։
«Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլեւ արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ քաղաքական միասնության պահպանումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ գլոբալ անվտանգության եւ կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։
«Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաեւ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2021-ի սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին եւ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
Էրդողանից առաջ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները լեգիտիմ չեն, դրանք Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ Թուրքիան չի ճանաչում թերակղզու միացումը ՌԴ-ին: Թուրքիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական է համարում Ղրիմի անդամակցումը Ռուսաստանին:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան հայտարարել է, թե Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ-ի ինքնիշխան մասն է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հավելել է, թե Կրեմլում ցավում են, որ Թուրքիան նման դիրքորոշում ունի Ղրիմի վերաբերյալ, եւ հույս ունեն՝ ժամանակի ընթացքում Անկարան կփոխի այդ դիրքորոշումը:
2022-ի մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է Արեւմուտքին՝ Ղրիմի հարցում անտարբերություն ցուցաբերելու համար։
«Եթե 2014-ին Ղրիմի գրավման ժամանակ ամբողջ Արեւմուտքը, ամբողջ աշխարհը լուռ չմնային, նորից կկանգնեի՞նք այսօրվա պատկերի առաջ։ Բայց Ղրիմի գրավման ժամանակ լուռ մնացած երկրները հիմա սկսել են խոսել։ Լավ, այդ արդարությունը աշխարհի մի կեսի վրա գործում է, մյուս կեսի վրա ո՞չ։ Սա ի՞նչ աշխարհ է»,- հավելել է Թուրքիայի նախագահը։