Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ օգոստոսի 24-ի առավոտյան հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը: Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել նաեւ օգոստոսի 2-ին։ Նրանք քննարկել էին 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները։