Արցախի տեղեկատվական շտաբը, անդրադառնալով սոցցանցերի հայկական տիրույթում մտահոգություններ առաջացրած ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, պարզաբանում է տարածել։
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների եւ Արցախի ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին։
Շտաբի տվյալներով՝ Արցախի ջրային կոմիտեի ներկայացուցիչները ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ դեռեւս 2021-ից շփվում են ադրբեջանական կողմի հետ եւ պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։ Շփումները տեղի են ունենում մի շարք համայնքներին (ներառյալ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ խնդիրների կարգավորման նպատակով:
«Այդ շրջանակում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպումներում կողմերը մտքեր են փոխանակել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը:
Պարզաբանման մեջ ասված է նաեւ, որ առաջիկայում քննարկումները կշարունակվեն, որոշումները կընդունվեն Արցախի շահերվ պայմանավորված՝ հիմք ընդունելով ե՛ւ էլեկտրաէներգիայի արտադրության, ե՛ւ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաեւ խմելու եւ ոռոգման ջրերին առնչվող կարիքները Արցախի այլ հատվածներում:
Արցախի տեղեկատվական շտաբը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները որեւէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում։