ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում փոփոխություն է կատարվել։ Մասնավորապես ընդլայնվել է մարզաձեւերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:
Ըստ նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձեւի ներկայացուցիչները՝ աշխարհի չեմպիոնի կոչում ունենալու դեպքում:
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով, որ աշխարհում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձեւով զբաղվող հայ մարզիկները: Այսպիսով՝ այս մարզաձեւից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, որոնք ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, կօգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:
Նախքան այդ տարկետման իրավունքից օգտվում էին օլիմպիական մարզաձեւերով զբաղվող մարզիկները
ՀՀ կառավարության 2018-ի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից նախքան այդ օգտվում էին օլիմպիական մարզաձեւերով զբաղվող մարզիկները, ինչպես նաեւ ոչ օլիմպիական մարզաձեւերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել եւ բազկամարտ մարզաձեւերով զբաղվող մարզիկները: Այժմ անհրաժեշտություն է ծագել ոչ օլիմպիական մարզաձեւերի շարքում ավելացնել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ եւ մարտեր առանց կանոնների մարզաձեւերը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձեւում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձեւից աշխարհի չեմպիոնի որոշման չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը: