ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը oգոստոսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորկի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի առնչությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման եւ կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։
Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ արտգործնախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների եւ անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։