2022 թվականի հունիսին «Ալիք Մեդիան» անդրադարձել էր Ախուրյան խոշորացված համայնքի Առափի գյուղում ապրող Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի սոցիալական, հոգեբանական, կենցաղավարման անթիվ-անհամար խնդիրներին:
Ընտանիքի մայրը՝ 30-ամյա Մարինե Յանգեյանն, ու չորս մանկահասակ երեխաներից երկուսը լուրջ հիվանդություններ ունեն: Բժիշկները չեն վիրահատում, քանի որ թերքաշություն ունեն:
Երեխաները քնում էին խարխուլ տան կոտրված ապակիներով պատուհանների տակ, նրանց կյանքի եւ առողջության համար շատ վտանգավոր պայմաններում: Ախուրյան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը առաջնահերթ էր համարել երեխաների կյանքի համար նախ անվտանգ, ապա դաստիարակող եւ զարգացնող միջավայր ապահովելը:
Մեր անդրադարձից օրեր անց հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Նահապետյանի միջնորդությամբ «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն»-ը երկու ամսով ստանձնել էր երեխաների խնամակալությունը:

ձախից՝ Շամիրամ Եղիազարյան եւ Հռիփսիմե Նահապետյան
Բացի այդ՝ երեխաների խնդիրներից մշտապես քաջատեղյակ մանկավարժ, Ախուրյան համայնքի ավագանու անդամ Շամիրամ Եղիազարյանն ավագանու քննարկմանն էր ներկայացրել ընտանիքին անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցը: Հատկացված գումարով փոխվել են Մկրտչյանների տան պատուհանները: Տիկին Եղիազարյանի աջակցությամբ որոշակիորեն հարթվել են ընտանիքում կոնֆլիկտները:
Ընտանիքին լքած հայրը՝ Հայկ Մկրտչյանն էլ Ռուսաստանից սկսել է գումար ուղարկել: Աշնանը վերադառնալու է. որոշել է տեր կանգնել ընտանիքին:
«Երեխաներին կորցնելու վախը միավորեց նրանց,- ասում է տիկին Եղիազարյանը,- բայց համարել, որ այս ընտանիքի հետ այլեւս անելիք չունենք, անիրատեսական է: Այժմ երեխաները վերադարձել են կոկիկ, մաքուր հագուկապով»:
Հռիփսիմե Նահապետյանը, որ մշտապես այցելել է երեխաներին, ասում է՝ ակնհայտ փոփոխություն կա նրանց թե՛ վարքագծի, թե՛ արտաքին տեսքի մեջ: «Մեծ ջանքերի շնորհիվ կենցաղավարության ու հիգիենայի առումով մի փոքր առաջընթաց կա նաեւ ընտանիքում, բայց հաճախակի ենք այցելելու, նրանց մենակ չենք թողնի»:
Սեպտեմբերից երեխաներից երկուսը կհաճախեն զարգացման կենտրոններ: Իսկ ուսումնական տարվա համար երեխաները գրենական պիտույքներ ու հագուստ են նվեր ստացել:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։