ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
Պետդեպարտամենտը նաեւ հաստատել է, որ պատրաստ է օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ համանախագահ Ռիքերը փոխգործակցելու է Եվրոպական միության հետ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերի շրջանակում նպաստելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը:
Մինչ այս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր Էնդրյու Շոֆերը։ Վերջինս 2017-ի օգոստոսի 28-ին փոխարինել էր 2013-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ նշանակված Ջեյմս Ուորլիքին։