Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հայտնել է, որ Բերձորից եւ Աղավնոյից Սյունիքի մարզում 20 ընտանիք է հաստատվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուսի բնակիչները ստիպված են մինչեւ օգոստոսի 25-ը լքել իրենց տները։
«Մեծամասնությունը կացարաններով ապահովված են, բայց մի քանի ընտանիք էլ չի կողմնորոշվում որտեղ բնակություն հաստատել` Գորիսո՞ւմ, թե՞ Սիսիանում։ Բայց մոտ օրերս էլ նրանք էլ արդեն որոշում կընդունեն, եւ վերջնական պատկերը կունենանք»,– նշել է Ղազարյանը։
Սյունիքում հաստատվածների հետ Ղազարյանն ամենօրյա կապի մեջ է. արցախցիներն այս պահին որեւէ խնդրի մասին չեն ահազանգում, քանի որ փորձում են տեղավորվել։ Փոխմարզպետը հայտնեց, որ հաջորդ շաբաթ պետք է սկսեն այցելել Սյունիքում տեղավորված արցախցիներին, որպեսզի նրանց կարիքները գնահատեն։