ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ–ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության բողոքի նոտային։
Նոտայի պատասխանի բովանդակությունը, սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը չի բացահայտել։
«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում եւ, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,– ասված է ՀՀ ԱԳՆ պարզաբանման մեջ։
Օգոստոսի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։
«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,- ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Ռուսական կողմը դա դիտարկել է իբրեւ զրպարտությունների հետեւում կանգնած քաղաքական ուժերի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմաննն ուղղված սադրանք։