Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Երեւանում ու մարզերում շարունակվում է ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրումը տարեց եւ/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։ Այդ նպատակով 2022-ին հատկացվել է ավելի քան 155 միլիոն դրամ։
Ներկայում ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու, որոնցից 714-ը տարեց, 621-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։
Մատուցվող ծառայությունները ներառում են ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում, գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում, ազատ ժամանցի եւ զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության, օրական մեկանգամյա սննդի տրամադրում (շաբաթական 5 օր), մշակութային միջոցառումների, հանդիպումների եւ էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում, օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն։ Կենտրոնում կատարվում է անձի կարիքի գնահատում եւ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ եզրակացության տրամադրվում։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։
2022-ին անհրաժեշտ ծառայությունները մատուցում են Երեւանում «Առաքելություն Հայաստան», «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա», Արարատի մարզում «Առաքելություն Հայաստան», Գեղարքունիքի մարզում «Առաքելություն Հայաստան», Լոռու մարզում «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս»,Կոտայքի մարզում «Առաքելություն Հայաստան», Շիրակի մարզում «Առաքելություն Հայաստան» եւ Սյունիքի մարզում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունները։