Իշխանությունն ընտրել է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տարօրինակ ճանապարհ: Ենթադրելի է, որ նրա հիմնական փաստարկը դեռ չի հնչել: Իսկ դա այն է, որ Հայաստանն այլեւս իր զինվորներով կռվի մեջ չի մտնելու, նա կռվի մեջ է մտնելու զենքով:
Մոտավորապես այդպես վարվեց Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ, որը մղեցին ոչ թե ադրբեջանցի զինվորները, այլ թուրք գեներալները եւ Բայրաքթարները:
Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունն ուզում է մեր բանակը դարձնել բանվորագյուղացիական: Դա այնքան էլ ճիշտ չէ: Իշխանությունն ավելի ցինիկ է. նա գիտի, որ հայ մայրերը սարսափում են իրենց որդիներին հայոց բանակ ճանապարհելուց: Իսկ եթե սարսափում են, կվճարեն:
Խնդիրն այն է, որ Հայաստանը չի ուզում գնալ Իսրայելի ճանապարհով, քանի որ իր տարածքում Պաղեստին չունի: Հայաստանն Արցախն այլեւս իրենը չի համարում, հետեւաբար զուտ աշխարհագրական իմաստով հեռանկարում չի տեսնում, թե հանուն ինչի պետք է միլիտարիզացվի մի ամբողջ ազգ, ինչպես դա արվում է Իսրայելում:
Իսկ եթե Իսրայելի ճանապարհով չենք գնում, կգնանք ամերիկյան ճանապարհով, բայց մեր ուղղումներով՝ նույն մարդը ե՛ւ կծառայի, ե՛ւ չի ծառայի, 24 միլիոն դրամ կտա ու կհամարի, որ չի ծառայում, թեպետ 4,5 ամիս հաստատ ծառայելու է:
Իշխանությունը փաստորեն ընդունում է, որ մեր բանակում ծառայելը մահացու, է եւ մայրերին ասում է՝ եթե չեք ուզում, որ ձեր որդին մեռնի, վճարեք: Այսինքն՝ երաշխավորում են, որ 4,5 ամսվա ընթացքում ոչինչ տեղի չի ունենա: Այդ ընթացքում մայրը որդուց կտեղեկանա, թե ինչ սարսափելի է ծառայելը, ու կվազի բանկ՝ 24 միլիոն դրամ վարկ վերցնելու:
Կշահի բանկը, կշահի բանակը, կշահի մայրը:
Ինչո՞ւ: Որովհետեւ, միեւնույնն է, մեր բանակը նրա որդու ծառայելու հույսին չէր էլ մնացել, մեր բանակը ապագայում կռվելու է ոչ թե զինվորներով, այլ զենքով: Զինվորները կդառնան հատուկ նշանակության գործողությունների պրոֆեսիոնալներ:
Այսինքն՝ բանվորագյուղացին, որը չի կարողանալու վճարել, կդառնա զուտ ծիծաղի թեմա նրա համար, ով կարող է վճարել: Այսինքն՝ ծառայությունը նրան կհիշեցնի, թե ինչ անճարն է ինքը:
Մնում է ընտանյոք հանդերձ ապրեն այն հույսով, որ ադրբեջանցին իրենց որդու վրա չի կրակի, որ ձմռանը որդին վրանի մեջ չի քնի, ու որդին էլ ծառայությունը կհամարի Հայրենիքին օգտակար լինելու թեկուզ հարկադիր, բայց դեռ արժանապատիվ պարտք:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: