Lе Figaro պարբերականը հայտնել է, որ օգոստոսի 25-ի առավոտվա տվյալներով Ֆրանսիան գազի պաշարները, որոնք նախատեսված են առաջիկա ձմռան համար, հասցրել է 90,06%-ի:
Այդպիսով՝ երկիրը մոտենում է նոյեմբերին 100%-ի հասցնելու Կառավարության դրած նպատակին՝ էլեկտրամատակարարման հնարավոր դժվարություններին դիմանալու համար, որոնք Եվրոպայում կապում են Ուկրաինայի իրադարձությունների հետ: Նախօրեին Ֆրանսիայի էներգետիկայի կարգավորման կոմիտեի ղեկավար Էմանուել Վարգոնը հայտարարել է, որ գազապահեստարանների լցվածությանն առնչվող իրադրությունը Ֆրանսիայում ավելի լավ է, քան մյուս եվրոպական երկրներում:
«Մեր նպատակը լցվածությունը մինչեւ ձմեռ 100%-ի հասցնելն է: Միանգամայն վստահ ենք, որ կհասնենք դրան»,- BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է Վարգոնը:
Lе Figaro-ն պարզաբանել է, որ Փարիզը հույս ունի մինչեւ ձմեռ առավելագույն չափով լցնելու պահեստարանները, ինչպես նաեւ Հավրի լողացող տերմինալը, որը կսկսի գործել հաջորդ տարի։
Գրանցվել է 42,2 միլիոն խորանարդ մետր ցուցանիշ
Գերմանիան իր հերթին հասել է ստորգետնյա գազի պահեստարանները լցնելու նվազագույն 80% նպատակային մակարդակին եւ մտադիր է շարունակել գազի ակտիվ ներմղումը գալիք ձմռան նախաշեմին:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը պահպանում է նախորդ օրերի եւ ամիսների մակարդակը:
«Ուկրաինայի գազափոխադրման համակարգ օպերատորը» օգոստոսի 22-ին «Գազպրոմ»-ից 41,6 միլիոն խորանարդ մետր ծավալի գազի տարանցման հայտ է ընդունել, վկայում են ուկրաինական ընկերության տվյալները:
Օգոստոսի 21-ին գրանցվել է 42,2 միլիոն խորանարդ մետր ցուցանիշ: ՈՒԳՓՀՕ-ն գազի ընդունման ֆորս-մաժոր է հայտարարել «Սոխրանովկա»-ով տարանցման համար՝ բացատրելով, որ ի վիճակի չէ սահմանելու «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի օպերատիվ-տեխնոլոգիական հսկողությունը:
«Սոխրանովկա»-ով ուղեգիծն օրական ավելի քան 30 միլիոն խորանարդ մետր տարանցում է ապահովել: «Գազպրոմ»-ում համոզված են, որ ֆորս-մաժորի համար հիմքեր չկան, ինչպես նաեւ չկան խոչընդոտներ` նախկին ռեժիմով աշխատանքը շարունակելու համար։