Կառավարությունն «աչքալուսանք է տվել». բազային կենսաթոշակը բարձրացվում է 3000 (երեք հազար) դրամով։ Երեւի մենք պիտի երջանկությունից տրտինգ տայինք ու խոնարհումով ասեինք՝ «շնորհակալություն սիրելի կառավարությանը հայրական հոգատարության համար»։
Հենց այդպես է կարծում ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, որն իբրեւ իսկական կարկառուն ՔՊ-ական, ի պատասխան մարդկանց հեգնանքների, նետվել է կրծքով պաշտպանելու կառավարությանը՝ գրելով. «Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի»:
Սույն խիստ խելացի գրառումը մեզ հիշեցրեց խորհրդային տարիների մի անեկդոտ. կոլխոզի նախագահը հաշվետվություն է ներկայացնում՝ ասելով, թե իրենց ֆերմայի կովերի գլխաքանակը 100 տոկոսով ավելացել է. նախկինում ունեին մեկ կով, հիմա դարձել է երկու։
Հա, էլի, ճշգրիտ հաշվարկ է արել խելացի տնտեսագետը, ամբողջ 16.6% տոկոսով բարձրանում է թոշակը։ Հասկանո՞ւմ եք՝ ամբողջ 16.6%-ով։ Մի հատ բառերով ասե՛ք՝ «տասնվեց ամբողջ, վեց տասնորդական տոկոսով»։ Բա՞, հանաք բան չկարծե՛ք։
Հայկական մի լավ ասացվածք կա՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»։ Իրենք ԱԺ դահլիճում բութ մատով կոճակ սեղմելու համար մոտ 650-700 հազար դրամ աշխատավարձ են ստանում, գումարած իրենց հորինած ներկայացուցչական ծախսերի համար եւս 250 հազար դրամ (պարգեւավճարներն էլ չեմ ասում) ու համարում են, թե թոշակառուները դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինեն, որ թոշակն ամբողջ 3 հազար դրամով, ներողություն՝ 16.6%-ով բարձրանում է ։
Ահա կարկառուն Թունյանի գրառման շարունակությունը. «Կառավարությունը իր 2021-2026 թվականների ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից: ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները: Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը: Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները»:
Ես երկու ամսից տարիքային կենսաթոշակի եմ անցնելու։ Քառասունվեց տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեմ, հավանաբար թոշակս կլինի մոտ 50 հազար դրամ (մի քանի հազար էսկողմ կամ էնկողմ)։ Եթե Բաբկեն Թունյանը կարծում է, թե մի երկու տարի հետո իմ թոշակն էնքան կլինի, որ ես կհոգամ իմ նվազագույն կարիքները, ապա առաջարկում եմ փոխատեղում անենք. ինքը գա իմ տեղը 50 կամ հետագայում հնարավոր է 60 կամ 70 հազար դրամով հոգա իր «մինիմալ կարիքները», ես գնամ իր փոխարեն նստեմ հարմարավետ աշխատասենյակում, մասնակցեմ ԱԺ նիստերին, սեղմեմ համապատասխան կոճակը եւ ստանամ (աշխատավարձ + ներկայացուցչական ծախսեր) մոտ 950 հազար դրամ։ Պարգեւավճարներն էլ Ալեն Սիմոնյանի գլխին տված, չեմ ուզում։
Գրեցի Ալեն Սիմոնյան, ու աչքիս առաջ եկան այն երեխաները, որոնց, ըստ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, այդ նույն Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել, նրանց հետ «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել եւ, ի թիվս այլ աշխարհացունց հարցերի, «…անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային եւ իրական օրինակների»:
Հիմա նստել ու մտածում եմ. արդյո՞ք խոսել է լրագրողների հետ զրույցներում սեփական ցինիկ պահվածքի (հիշեցնե՞մ՝ «…ծափ, ծափ, ծափ…»), Նիկոլի աչքի վերեւի հոնքը մատնացույց անելու համար ընդդիմադիրների խոսափողը անջատելու, անվտանգության աշխատողներին նրանց վրա քսի տալու մասին եւ դրանք ներկայացրել իբրեւ ընդօրինակման արժանի վարվելակերպ։ Արդյո՞ք խոսել է «քծնանքն ԱԺ նախագահ դառնալու ուղիղ ճանապարհ» թեմայով։ Իսկ այն, որ քաղաքական պաշտոնը «ոչ մի կապ չունի», որ իր եղբոր ղեկավարած ձեռնարկությունը մի քանի հարյուր միլիոն դրամի մրցույթներ է շահո՞ւմ։ Ի՞նչ պակաս դրական օրինակ է։ Իսկ բութ մատով համապատասխան կոճակը սեղմելու համար ավելի քան 600 հազար դրամ աշխատավարձ ստանալու մասին չի՞ խոսել։
— Ի՞նչ ես կպել բութ մատով, հա բութ մատով։ Ինչո՞ւ պիտի պատգամավորները բութ մատով սեղմեն համապատասխան կոճակը,- կհարցնի ընթերցողը։
Պարզաբանում եմ. կոճակ սեղմելու համար մատի ընտրությունը կատարվում է ուղեղին համապատասխան, դրա համար էլ ՔՊ-ականները բութ մատով են սեղմում։
Վերջապես՝ Ալեն Սիմոնյանն իր սիրասուն մայրիկի միջնամատ ցույց տալը չի՞ նշել՝ ասելով, թե դա «քաղաքացիների համար հասկանալի լեզվով արտահայտվելու» օրինակ է։
Խեղճ երեխաներ, տեսնես, որ տանը պատմեն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին, բազային թոշակի բարձրացման շնորհիվ «ամբողջ 16.6%-ով» հարստացած տատիկ-պապիկներն ի՞նչ հիշարժան բառեր են ուղղելու նույն Ալեն Սիմոնյանի հասցեին։
Հ. Գ. Ես հետ եմ վերցնում Բաբկեն Թունյանին ուղղված՝ փոխատեղում անելու իմ առաջարկը։ Որովհետեւ իր ստացած աշխատավարձը վաստակելու համար միայն խելացի լինելը քիչ է։ Պետք է շատ խելացի լինես, որպեսզի անհրաժեշտ բառեր գտնես՝ «մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած կուսակցության իմաստուն քաղաքականությունը» գովերգելու համար։ Ես այդքան խելացի չեմ: Բացի այդ՝ իմ ազատությունն ավելի թանկ է, քան պատգամավորի ամսական մոտ մեկ միլիոն դրամ եկամուտը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։