Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնել է, որ Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Նախքան նոր երթուղու գործարկումը, ըստ նախարարի, կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին:
Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթեւեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո:
«Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է եւ մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթեւեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է նախարարը:
Ըստ նախարարի՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն եւ Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա:
Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ակտիվ շարունակվում է նաեւ ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը:
«Կապի հարցն արդեն լուծված է: Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,- շեշտել է Հայկ Խանումյանը:
Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ երկկողմանի բաց է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։
8,5 միլիարդ դրամ՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 8,5 միլիարդ դրամ է հատկացրել Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման համար։
Ըստ կառավարության որոշման նախագծի` վերը նշված գումարից 5 551 808 100 000 դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 54 միլիոն 52 հազար 443-ը` տեխնիկական հսկողությանը, 33 միլիոն 983 հազար 547-ը` հեղինակային հսկողությանը։
Նախագիծը մշակել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Թարմացում
Արցախի Ներքին գործերի նախարարությունից ավելի ուշ հայտնել են, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։
Նշված ժամանակահատվածում Արցախ մտնող եւ դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթեւեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:
Վերադարձանք Լաչին․ Ալիեւ
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Ադրբեջան հսկողության տակ է վերցրել Լաչին ավանը եւ Զաբուխ ու Սուս գյուղերը:
«Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ (Աղավնո) եւ Սուս գյուղերը հսկողության տակ են», — գրել է Ալիեւը: