Միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17 հազար քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 միլիոն դրամ ընդհանուր հետվճար․ մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2600 դրամ։
Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում (Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ եւ ՎՏԲ Հայաստան) գործընկեր բանկերում կատարել են շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ․ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այդ թիվը եղել է զրոյական։
Այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգոստոսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հաջորդ ամիս կստանան հետվճարը նույն ընթացակարգով, այսինքն՝ գումարը կփոխանցվի մինչեւ սեպտեմբերի 25-ը։
ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հետվճարը կազմում է կատարած գործարքների հանրագումարի 10%-ը, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։
Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։