ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչեցված հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ հերթական հայտարարությունում նշված էր, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կհանգեցնեն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Շեշտելով, որ «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որեւէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։
Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու համար Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։
«Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջեւ համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է Պանտելը։
Պանտելը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե՛ Ժնեւի միջազգային բանակցություններում։
Երեւանի արձագանգքը՝ Բաքվի արձագանքին
Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի արձագանքին, ի դեմս խոսնակ Վահան Հունանյանի, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել։