Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ Moderna դեղագործական ընկերությունը ԱՄՆ Մասաչուսեթսի շրջանային դատարանին եւ Գերմանիայում Դյուսելդորֆի դատարանին արտոնագրային իրավունքների խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացրել Pfizer-ի եւ BioNTech-ի դեմ եւ դրամական վնասի փոխհատուցում է պահանջում։
Moderna-ում համարում են, որ Pfizer-ի եւ BioNTech-ի մշակած Comirnaty պատվաստանյութը խախտում է Moderna-ի` 2010-2016 թվականների ներկայացրած արտոնագրերը։ Դեղագործական ընկերությունը պնդում է, որ մրցակիցներն առանց թույլտվության պատճենել են տեխնոլոգիան, որը Moderna-ն մշակել է համավարակից դեռ շատ տարիներ առաջ:
Ընկերությունում ակնկալում են, որ մրցակիցները կփոխհատուցեն արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործումը։ Moderna-ն մտադիր չէ պահանջել, որ Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութերի վաճառքի համար դատական արգելք սահմանվի, մտադիր չէ պահանջել նաեւ փոխհատուցելու պատվաստանյութերը ցածր եւ միջին եկամուտ ունեցող 92 երկիր մատակարարելու վնասները։
Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը նշել է, որ իրենք հայցերը ներկայացնում են՝ պաշտպանելու համար Moderna-ի ստեղծած նորարարական mRNA տեխնոլոգիական հարթակը։ «Մենք միլիարդավոր դոլարներ ենք ներդրել եւ արտոնագրել ենք ՔՈՎԻԴ-19 համավարակին նախորդող տասնամյակի ընթացքում»,- ասել է Բանսելը։
Moderna Inc-ն ինքնուրույն է մշակել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Գերմանական BioNTech-ը նույնպես աշխատում էր այս ոլորտում, երբ համագործակցում էր ԱՄՆ դեղագործական հսկայի՝ Pfizer-ի հետ:
ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութը Moderna-ին ապահովել է 10,4 միլիարդ դոլարի, մինչդեռ Pfizer-ին մոտ 22 միլիարդի եկամուտ
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչությունը 2020-ի դեկտեմբերին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվություն է տվել նախ Pfizer/BioNTech-ին եւ միայն մեկ շաբաթ անց՝ Moderna-ին:
Moderna-ի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութը՝ նրա միակ առեւտրային արտադրանքը, 2022-ին 10,4 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովել ընկերությանը, մինչդեռ Pfizer-ի պատվաստանյութը՝ մոտ 22 միլիարդ դոլարի:
Pfizer-ին եւ BioNTech-ին բազմաթիվ դատական հայցեր են ներկայացրել նաեւ այլ ընկերություններ։ Դրանց ներկայացուցիչները պնդում են, որ ընկերության պատվաստանյութը խախտում է իրենց արտոնագրերը: Գերմանական CureVac-ը, օրինակ, հուլիսին Գերմանիայում նույնպես հայց է ներկայացրել BioNTech-ի դեմ:
BioNTech-ը պատասխանել է, որ իր մշակած պատվաստանյութն անկրկնելի է: Pfizer/BioNTech-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն գնով կպաշտպանեն իրենց արտոնագրերը:
Համավարակի սկզբում Moderna-ն հայտարարել էր, որ չի կիրառի իր ՔՈՎԻԴ-19 արտոնագրերը, որպեսզի այլ դեղագործական ընկերություններին օգնի մշակելու իրենց սեփական պատվաստանյութերը՝ հատկապես ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար: Սակայն 2022 -ի մարտին Moderna-ն հայտարարեց, որ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Pfizer-ը եւ BioNTech-ը, ակնկալում է հարգանք իր մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ: Moderna-ից միաժամանակ հայտնել են, որ մինչեւ 2022-ի մարտի 8-ը որեւէ գործունեության համար վնասի փոխհատուցում չի պահանջելու: