Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ պատվիրակության ուղեւորությունը Զապորոժիեի ատոմակայան կարող է կայանում նրա փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել:
«Դա բարդ առաքելություն է: Արդեն բուն ուղեւորությունը ռազմական գործողությունների գոտիով հասարակ գործ չէ, ուստի անհրաժեշտ է անվտանգության պայմաններ ապահովել»,- ասել է Գրոսին Ֆրանսիայի RFI ռադիոկայանին տված հարցազույցում:
Ըստ նրա՝ դա պետք է անել երկու երկրների միջեւ համակարգման միջոցով՝ ապավինելով ՄԱԿ-ի աջակցությանը։
«Տեխնիկական տեսակետից անհրաժեշտ է սահմանել առաքելության պարամետրերը, որոշել՝ ինչ կարող ենք անել, գուցե նաեւ գործակալության մշտական ներկայություն սահմանել տեղում»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
Գրոսին հավելել է, որ առաքելության նպատակն է փորձագետների տեսչական ստուգումն անվտանգության զանազան ասպեկտներով։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հիշեցրել է, որ ատոմակայանը դարձել է գրոհների օբյեկտ: «Մենք պետք է օգնենք կայունացնելու իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ»,- ասել է Ռաֆայել Գրոսին: