Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո մոտ մեկ միլիոն ռուսաստանցի տեղափոխվել է Եվրամիության տարածք:
Ըստ սահմանապահ եւ առափնյա պաշտպանության եվրոպական Frontex գործակալության հաղորդագրության՝ փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 22-ը Ռուսաստանից Եվրամիություն է տեղափոխվել 998 հազար 85 քաղաքացի: Գործակալությունը նաեւ նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում ԵՄ մուտք գործող ռուսաստանցիների թիվը փոքր-ինչ նվազել է:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրամիության մի շարք երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են ռուսաստանցիներին մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրումը: Որոշ երկրներ առաջարկում են ռուսներին առհասարակ զրկել մուտքի արտոնագրերի իրավունքից, սակայն Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Պորտուգալիան եւ ԵՄ մի քանի այլ անդամներ դեմ են նման արգելքին:
Եվրամիությունում նախագահող Չեխիան փոխզիջումային տարբերակ է առաջարկել՝ ոչ թե դադարեցնել վիզաների տրամադրումը, այլ Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար չեղարկել շենգենյան վիզաներ ստանալու պարզեցված ընթացակարգը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ արտագաղթել են ոչ միայն Եվրամիության, այլեւ ուրիշ ուղղություններով: Տասնյակհազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան: Հայաստանում հաստատվել է մոտ 40 հազար ռուսաստանցի: